«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վայքը վերջնականապես հանքարդյունաբերական դարձնելու մղումները, միտումները չեն ավարտվում, այլ շարունակական զարգացում են ապրում՝ վտանգելով մարզի կանաչ, կայուն զարգացման հեռանկարը։ Վերջին տարիներին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի վրա թիրախային հանքաչքադրումներն աննախադեպ են եղել։ Միայն 2025 թվականին բազմակի լսումներ տեղի ունեցան Վայքում, Ազատեկում, Զառիթափում։ Այդ լսումները տարբեր էին, սակայն բոլորը լարված էին՝ ճնշումներով և նախաձեռնողների բանակ-կողմնակիցներով։ Քաղաքացիները դիմադրեցին անօրինություններին։ Կարծես թե հանրության ձայնը լսելի էր լինում, և թեև Վայքի ավագանին գրեթե միշտ տալիս էր իր համաձայնությունը, սակայն լիազոր մարմինը տալիս էր բացասական եզրակացություն։ Հիմա տեղի է ունեցել անհավանականը։ Շրջակա միջավայրի նախարարությունը ընթացք է տվել հանքավայրի շահագործման ժամկետների երկարացման և ֆաբրիկայի կառուցման մի նախագծի, որին ինքը բացասական եզրակացություն էր տվել 2026 թվականի մայիսի 13-ին՝ հիմք ընդունելով բացասական եզրակացություն ստացած նախագծի հանրային լսումները, որոնք կայացել են 2026 թվականի ապրիլի 10-ին, և 2025 թվականի հունիսի 4-ին Վայքի ավագանու կողմից այդ գործունեության համար տրված համաձայնության որոշումը։ Այս դեպքը նոր էջ է բացում Հայաստանում, թե ինչպես կարող ենք օրենսդրական բացերը մեկնաբանել ըստ իրավիճակի և հարմարության։ Փաստացի հնարավոր է շուտով հասնենք մի վիճակի, երբ առհասարակ հանրային նոր լսումներ բացասական եզրակացությունից հետո կարիք չի լինելու իրականացնել, այլ հիմք ընդունելով նախկինում եղած լսումները և որոշումները՝ բազմակի անգամ հարցը քննարկման առարկա դարձնել լիազոր մարմիններում, որոշումներ կայացնել՝ առանց հանրությանը կրկին անգամ հարցնելու։ Իսկ այդ ընթացքում միգուցե իրավիճակ լինի փոխված։ Իսկ իրավիճակ փոխվել է։ 2025 թվականի հուլիսի 4-ին Վայքի ավագանու կողմից արդյունահանման նախագծին համաձայնություն տալուց հետո՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, որով ի թիվս այլ համայնքների Վայք համայնքի մի շարք բնակավայրեր հայտարարվեցին «Զբոսաշրջային կենտրոն»։ Ու այդ զբոսաշրջային կենտրոնների կողքին հիմա հանքարդյունահանման և հանքանյութամշակման նախագիծ է առաջ մղվում։ Վայոցձորցիները արդեն տասնամյակներ որոշակի հաջողություններով պաշտպանում են իրենց շրջակա միջավայրը, էկոլոգիական իրավունքները, և օրենքի անկատարությունը եկել է շրջանցելու նրանց պայքարը։ Այս արատավոր պրակտիկայի առաջը պետք է առնվի թե՛ քաղաքացիների պահանջատիրությամբ, թե՛ օրենսդրական փոփոխություններով։ Թե չէ կհասնենք մի վիճակի, երբ կասեն՝ էլ հանրային նոր լսումներ իրականացնելու կարիք չկա, քանզի անցյալ դարում լսումներ եղել են։ 2026 թ․ օգոստոսի 21-ին Վայոց Ձոր մարզի, Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական կենտրոնում երկու հանրային քննարկում է՝ Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման և Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի, հանքանյութի և խտանյութի վերամշակման գործարանի կառուցման թույլտվություններ ստանալու նպատակով, Լսումների մեկնարկը՝ ժամը 12:00-ին։ Այս լսումները, նախաձեռնված ՇՄ-ի կողմից, իր կարգավիճակով երկրորդն են, փաստացի երորդն են (օրենքով երկու լսում է նախատեսվում), իսկ իրականում անհասկանալի և օրենսդրությամբ չհիմնավորված։ Այն կարող էր լինել լավագույն դեպքում առաջինը, նոր էջից, նոր կետից։ Կարևոր է, որպեսզի համայնքի բնակիչները և քաղաքացիները մասնակցեն և հարցադրում անեն ՇՄ ներկայացուցիչներին, թե ինչպես եղավ, որ նախկինում բացասական եզրակացություն ստացած նախագիծը հետ է վերադարձել՝ առանց նոր ՇՄԱԳ գործընթացի և նոր հանրային լսումների անցկացման։ Մեկնաբանության մեջ դնում եմ «Քաղաքացու Ձայնը» մեդիա-հարթակի հետաքննության հղումը այս խնդրի վերաբերյալ»: