«Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»․ Իշխան Սաղաթելյան
69
Այսօր, 16:48
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։ Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։ Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։ Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։ Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։ Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։ Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։ Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։ Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»։