«Երբ դու բոլորին ասում ես «այո», քեզ սկսում են դիտարկել` որպես քաղաքական մարմնավաճառ». Արեգ Սավգուլյան
54
Այսօր, 01:24
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ դու բոլորին ասում ես «այո», քո դիվանագիտական լեքսիկոնում «ոչ»-ը մեռնում է, քեզ սկսում են դիտարկել որպես քաղաքական մարմնավաճառ, որի գինն ամեն օր նվազում է։ 1. Միայն ՌԴ-ն չէ, որ մեզ հանրաքվեի առաջարկ է անում։ Իրականում Հայաստանում այսօր բախվում են ՌԴ-ի, Թուրքիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլոց խոշոր ու մանր շահերը։ Հարցը կրում է և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղական բնույթ։ Արևմուտքը վարում է Ռուսաստանի ռազմադիվանագիտական և ֆինանսատնտեսական մեկուսացման քաղաքականություն և Հայաստանն ակամայից մտնում է մեկուսացման այդ փազլի մեջ՝ որպես Հարավային Կովկասի ճանապարհային հանգույց և երբեմնի «ֆորպոստ»։ 2. Խնդիրը ՌԴ-ին մեկուսացնելն է և մասնատելը, որովհետև այն չափից դուրս մեծ է, կավե ոտքերով հսկա, որը կրում է աշխարհի հումքի 20-25 տոկոսը՝ մշտապես լինելով կռվախնձոր աշխարհի ուժային տարբեր բևեռների միջև և նմանվում ափ նետված հսկա կետաձկան, որի մարմնից ամեն ոք ուզում է ինչ-որ բան պոկել։ 20-րդ դարում Ցարիզմի և ԽՍՀՄ-ի կործանումները այն պատմաքաղաքական վկաներն են, որոնք լավագույնս արտացոլում են վերոնշյալը։ ԱՊՀ-ն բացառություն չէ և կքանդվի։ Գերակա խնդիրը գերտերությունների բախման ժամանակ չմնալ որևէ մեկի փլատակների տակ։ 3. Հայաստանը ունի մեծ սփյուռք ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ոչ պակաս նաև Թուրքիայում, եթե իհարկե հաշվենք այն ՀՀ քաղաքացիներին, որոնք տնտեսական ակտիվ շարժի մեջ են վերջինիս հետ։ Հավասարակշռված արտաքին քաղաքականություն առանց ռեվերանսների կամ դրանց համաչափ կիրառմամբ ՀՀ-ն կարող է հասնել հաջողության, իսկ բոլոր կտրուկ շարժումները կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Սա հայտնի է նորընծա իշխանությանը, բայց եթե 2018-ին նրանք լեգիտիմ էին (թեկուզև ներդրված), 2021-ին բարոյապես ոչ լեգիտիմ, ապա 2026-ին և՛ քաղաքականապես, և՛ բարոյապես անլեգիտիմ են և դրա մասին գիտի Արևմուտքը, բայց լռում է, որովհետև շահեկան է։ Միաժամանակ իշխանական էլիտան ելնելով իր տնային առաջադրանքների տրամաբանությունից հայտնվել է իր իսկ լարած ծուղակում, որը հանգեցրել է դիվանագիտական փակուղու։ Ո՞վ էր ձեզ խնդրում պետությունը կանգնեցնել երկընտրանքի առաջ»: