Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»

64
Այսօր, 08:54
Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր գումարման Ազգային ժողովում Գուրգեն Մելքոնյանը չի լինի։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ նա ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը, ինչն ինքնաբերաբար բացառում է նրա մուտքը նոր խորհրդարան։
Աղմկահարույց հայտարարություններ և սկանդալներ
Գուրգեն Մելքոնյանի պատգամավորական գործունեությունը լի էր բազմաթիվ աղմկահարույց միջադեպերով և էմոցիոնալ գնահատականներով, որոնք մշտապես հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, «նախկիններից ավելի նախկին» Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը «Նյուզ»-ի հետ զրույցում Տավուշում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի։ Եվ հավելել է․
«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի։ Դա ադրբեջանական տարածք է։ Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է։ Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն»։
Որդու պաշտոնանկությունը և Դավիթ Տոնոյանի տեսակցությունը

Հիշեցնենք, որ պատգամավորի որդին ևս հայտնվեց սկանդալի կենտրոնում և հեռացվեց պաշտոնից։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ «Դեռևս 2023 թվականի նոյեմբերի 11-ին գրել էինք, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով։ Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
Դրանից բացի, 2023 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ուսումնական հաստատություններից մեկում պատգամավորի թոռը դանակահարել է իր համակուրսեցուն։ Այս միջադեպը լայն արձագանք գտավ, թոռը տարվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Սակայն հետո գործը կարճվեց։

Գեներալ Մելքոնյանը հայտնի է նաև իր կտրուկ և էմոցիոնալ գնահատականներով։ Իր հարցազրույցներից մեկում նա այս տարվա սկզբին հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից զրկվելու դեպքում կգնա տուն՝ «պոմիդոր կաճեցնի»։
Ունեցվածքի դինամիկան պատգամավոր դառնալուց հետո
Պատգամավոր դառնալուց հետո Գուրգեն Մելքոնյանի անշարժ գույքի քանակը մնացել է անփոփոխ, սակայն կտրուկ աճել են նրա պաշտոնական եկամուտները՝ տարեկան մոտ 6 միլիոնից հասնելով 13.4 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ, նրա մոտ եղած՝ տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում զգալիորեն նվազել են՝ վերածվելով բանկային ավանդների և այլ ծախսերի»:

Մանրամասները՝ թերթի համարում: