Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան

91
Երեկ, 21:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան

«Հիշո՞ւմ եք, երբ Ջերմուկի ներմուծումը ՌԴ-ն արգելեց, Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարը լոպազացավ, թե՝ հարցը կլուծենք, էդպիսի՜ հարցեր ենք լուծել։ Նա երևի չի էլ հիշում ինչեր է ասել՝ էնքա՜ն խոստում է էդպես պահի տակ տվել-անցել առաջ»,- «Կարճ ասած» հաղորդման շրջանակում նշում է լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Լրագրողների, լրատվամիջոցների հեռախոսները տրաքվում են զանգերից․ գյուղացիները, արտադրողները խնդրում են, պահանջում են անդրադառնալ իրենց խնդիրներին, լուսաբանել։ Լուսաբանում ենք, բայց դա լուծում չի տալու։ Պոմիդորը չի՞ արտահանվում․ պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան․ երկրորդ պատճառ չկա։ 15 հազար տոննա ձուկը մնացել է արտադրողի վրա՞, պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։ Ռուսական շուկան մեր առաջ փա՞կ է, պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։ Եվրոպական շուկան չի՞ բացվում մեր առաջ, պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները փակել էին Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում էին լոլիկի չմթերումից։ Արտահանում չկա, գործարանը չի ընդունում, շուկայում չի վաճառվում։ Բա վարկերը ո՞նց անենք, բա ընտանիքը ո՞նց պահենք, երեխաների կրթության հարց կա, հազար ու մի հարց կա։ Մի թիվ հիշեցնեմ Ոսկետափում հունիսի 7-ի ընտրություններից։ Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, դա չենք քննարկում․ բայց այդ համայնքում պաշտոնական արդյունքը հետևյալն է․ «Ուժեղ Հայաստան»՝ 344 քվե, Հայաստան» դաշինք՝ 165 քվե, ՔՊ՝ 1220 քվե։ Չեմ հավատում, թե այդքան մարդ ձայն է տվել Նիկոլին, այլապես ստացվում է՝ պոմիդորը տնկել են, իմացել են, որ եթե Նիկոլն ընտրվի, իրենց բերքը թափելու են, և այդքան ձա՞յն է տվել։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Ու հիմա ի՞նչ են պահանջում, ո՞ւմից։ Ընդ որում, փակել են էն ճանապարհը, որը վաղը նույն Նիկոլը երևի հանձնի Ադրբեջանին՝ որպես անկլավ։

Արտադրում են մթերք, ու պետք է բողոքի ակցիաներ անեն, որ իրացվի։ Աբսուրդ է, ու էդ ապրանքն արտադրելու տարբեր փուլերում էլի բողոքի ակցիաներ են արել։ Նրանց հարցի լուծումն արտահանումն է կամ որ կառավարությունը փոխհատուցի վնասը, ասի՝ էս փողը վերցրեք, բերքի հետ արեք ինչ ուզում եք։ Երկուսն էլ չի անում։ Էկոնոմիկայի նախարար աշխատողը դեռ ոչինչ չի առաջարկել պոմիդոր աճեցնողներին, փոխարենը գրել է, թե այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը արտահանվել է 7,654 տոննա ծիրան։ Հետն էլ ինչ-որ հումոր է արել։ Նախորդ հունիսին 24 հազար տոննա է արտահանվել, այս տարվա հունիսն ու հուլիսի առաջին 20 օրը միասին՝ ընդամենը 7,600 տոննա․ 70 տոկոսով պակաս։ Այդ տարբերությւոնը չի ասում

Այս իշխանությունը, իր էկոնոմիկայի նախարարով, ոնց որ ֆեյքերի ֆաբրիկա լինեն։ Սրանց համար կարևորն աշխատանքի իմիտացիան է։ Գրում է՝ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ»։ Ուսումնասիրում ես, պարզվում է՝ նախորդ տարի էլ են մտել, դրանից առաջ էլ։ Եվ ուրեմն ինչո՞ւ է տպավորություն ուզում թողնել, թե պատմության մեջ առաջին անգամ հայկական ծաղիկը մտավ այդ շուկա։ Ասում է՝ հայկական ծիրանը կարող է արտահանվել ԵՄ։ «Կարող է արտահանվել»-ը վերացական խոսք է․ որքա՞ն է արտահանվել։ Հունիսի թվերը նայում ես՝ ոչ մի գրամ։ Սրանից չի խոսում։ «Հայկական ապրանքը մտավ այսինչ շուկա»-ն լավ վերնագիր է, իհարկե, բայց՝ սուտ։ Հիմա ձեր ուզածը ո՞րն է․ լուծե՞լ խնդիրը, թե՞ հայտարարել, իբր լուծել եք։ Ասենք՝ հայտարարեցիք, կառավարության նիստում էլ որոշում կայացրեցիք, թե հայկական ձկնամթերքը կարող է հասնել Եվրոպա, որոշները ծափ տվեցին, բայց արտահանումը չեղավ, ո՞ւմ համար են էդ ստերը։ Ասում են՝ կարող են արտահանել Եվրոպա, պարզվում է՝ Հայաստանում անգամ լաբորատորիա չկա, որի ստուգած չափանիշները ԵՄ-ն ընդունի։ Բայց եթե ստեղծեն էդ լաբորատորիաները, ասենք՝ ձկնամթերքը ստուգելու համար, մեկ է՝ ճանապարհն էլ է երկար, կերն է թանկ և այլ ծախսեր, ու դառնում է ոչ մրցակցային։ Անգամ վարորդների խնդիր կա, որ տեղափոխեն։

Ձկնարտադրողներն ասում են, որ չեն ճանաչում էդպիսի մեկին, որ արտահանում է ԵՄ։ Շուկա չկա․ էնպես չէ, որ հենց ուղարկեցիր ԵՄ, վաճառվեց։ Նախ պետք է հլը ծանոթացնես, թե ինչ բան է հայկական ձուկը ու ինչու պետք է թանկ վճարի էդ ձկան համար։ Ի դեպ, 2025թ-ից Հայաստանը կարող էր արտահանել ԵՄ անդամ երկրներ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկներ և դրանց արտադրանք։ Ի՞նչ են արտահանել․ մեկուկես տարի առաջ դեռ ունեցել եք հնարավորություն, ի՞նչ է արել կառավարությունը։ Ձկնաբույծների 90 տոկոսը բողոքի ակցիա էր անում, ասում էր՝ միլիոնավոր դոլարների կորուստ ունեն․ ասում են՝ Պապոյանը լուր է հրապարակում, թե գնացել-հանդիպել է ձկնարտադրողի, քննարկել, բայց ընդամենը մեկ ընկերության հետ։

Մյուսների պես, ձուկ արտադրողներն էլ են ծանրագույն վիճակում, լիքը խոստումներ, զրո՝ արդյունք։ Անգամ ԵՄ իբր տված փոխհատռուցումները, ռուսական շուկայի սահմանափակումների պատճառով վնասը մեղմելու համար, էդ գումարներից էլ չեն ստացել։ Միայն բիզնեսի մասին չէ խոսքը, ամեն բիզնեսում աշխատող կա, որ մնացել է առանց ապրուստի։ Սրանք փակում են բիզնեսներ, խլում են բիզնեսներ, փչացնում են հարաբերությւոններ, ու ժողովրդին թողնում անգործ։

Ասում են՝ 2000-ականների իշխանությունը ձկնային ոլորտը համարել է գերակա ճյուղ ու զարկ տվել արտադրությանը, հետո տարիներ շարունակ չարչարվել են, ռուսական շուկա են մտել․ սկզբում արտահանել են 60 տոննա, աստիճանաբար շատացրել են ու դարձրել 13 հազար տոննա։ Այս իշխանությունը զարկ է տվել հակառուսականությանն ու վարի է տվել ամեն ինչ։ Քաղաքացին ասում է՝ եկեք գնանք ԵՄ գրասենյակի դիմաց միտինգ անենք, երևի իրենք են որոշում, թե մեր երկրի կառավարությունն ինչ անի, նրանք են ստիպել հարաբերությունները փչացնել, որ հասել ենք էս օրին։

Ժողովուրդ ջան, այսօր ակցիա անող ձուկ արտադրողները, երեկ ակցիա անող պոմիդոր արտադրողները ընդամնեը փոքր մասն են տուժածների։ Այս ՔՊ-ական կառավարությունը ոչնչացնում են ամբողջ գյուղատնտեսությունը։

Կարճ ասած՝ այսօրվա ակցիայի ժամանակ մի տատիկ էր միայն, որ ասում էր՝ եկեք «չքաղաքականացնենք»։ Մյուսները հասկանում էին, գիտակցում էին, որ մաքուր քաղաքական խնդիր է․ որ ՌԴ շուկան փակվել է, դա էլ է քաղաքական հարց, ուղնուծուծով, ու էն, որ այլ շուկա չեն կարողանում գտնել, դա էլ է քաղաքական հարց։ Ու դա կկարգավորվի այն ժամանակ, երբ այս քաղաքականությունը վարողները չլինեն իշխանության։

Երբ սրանց անվանում ենք ոչ լեգիտիմ, ոչ լեգիտիմ են ոչ միայն չընտրված լինելով՝ իշխանությունը զավթելով։ Այն իշխանությունը, որ չի կարողանում պրոբլեմ լուծել, նա ոչ լեգիտիմ է։ Լեգիտիմությունը ուղիղ կապված է աշխատելու ունակության հետ։ Հիմա սրանք չեն կարողանում ձեր որևէ խնդիր լուծել, հենց սա լեգիտիմության բացակայություն է»,- նշում է Հակոբյանը։

«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան