Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 18 հուլիսի, 2026 թ.

«Գործ «կարելու» Ն․Փ․-ական «արվեստը»»․ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

71
Երեկ, 23:06
«Գործ «կարելու» Ն․Փ․-ական «արվեստը»»․ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Գործ «կարելու» Ն․Փ․-ական «արվեստը»․
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորեցին իմ դեմ «կարված» շինծու գործի շրջանակում։
Ա․Մանուկյանը մեր թիմի առանցքային անդամներից է, սկզբունքային և պայքարող տեսակ։ Նրան կալանավորելով՝ ուզում են հետևողականորեն հարվածել մեր կառույցին։ Մնացած «իրավական» ձևակերպումները հեքիաթներ են։ Մանուկյանին մեղադրում են, իբր, պետական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակման համար։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ն․Փ․–ի իշխանության օրոք Հայաստանում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թեմաներով պետական գաղտնիք չկա։
Այն, ինչ հրապարակավ հայտարարում է Ալիևը, Ն․Փ․–ն հլու–հնազանդ կատարում է՝ հընթացս ահաբեկելով հայ ժողովրդին («Եթե Տավուշում տարածքներ չհանձնենք՝ թուրքը կհարձակվի», «Եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի» և այլն)։
Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքն ունի ուշագրավ կողմ։ Կրկնեմ՝ նրան մեղադրում են և Նիկոլ Փ․–ի հրահանգով կալանավորել են իմ դեմ «կարված» ապօրինի գործի շրջանակում։ Բայց խնդիրն այն է, որ ինձ չէր ներկայացվել պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանք։
Ավելին՝ ինձ մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ այլ տեղեկություն փոխանցման համար, թե ո՞ր «օտարերկրյա պետությանը» և ո՞ր կառույցին՝ մեղադրողները չեն նշում և ստացվում է, որ ես համագործակցել եմ, օրինակ, Մարսի վրա գտնվող պետության հետ։
Այսպիսով՝ Արեգնազ Մանուկյանին իմ դեմ «կարած» գործով կալանավորել են այն դեպքում, երբ նույն այդ գործում պետական գաղտնիքի ենթադրայլ հրապարակման մեղադրանք չի եղել։
Եվ ահա հասկանալով, որ նույնիսկ գործը «կարելիս» պետք է սպիտակ թելերը ներկել՝ ինձ ներկայացրած մեղադրանքը պոստ ֆակտում համալրել են Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքի հոդվածով։ Դե որ հանկարծ այնպես չստացվի, որ նույն գործով երկու հոգու մեղադրում են և կալանավորում են, բայց տարբեր հոդվածներով և միմյանց հետ չշաղկապված արարքներով։
Համաձայնեք, որ սա իրավաքաղաքական խայտառակություն է։ Բայց դե Նիկոլ Փ․–ից այլ բան չէր էլ սպասվում։ Նա մտել է արտաքին պատվերի տակ, դրա համար էլ ներքին պատվերներ է իջեցնում «իրավապահ» համակարգին՝ հետապնդելով քաղաքական ընդդիմախոսներին, այլ կարծիք ունեցողներին։
Նիկոլ Փ․–ն որոշել է ստերի միջոցով իշխանություն պահել(այլ տարբերակ չունի, քանզի խայտառակ ընտրակեղծիքներով է վերարտադրվել և լեգիտիմ չէ), բայց շուտով կհամոզվի, որ ստերի վրա նստած չի կարող կառավարել։
Հ․Գ․ Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքը նաև նպատակ է հետապնդում իմ «գործով» աշխատանք ցույց տալու, քարոզչական փուչիկ փչելու և կալանքս երկարաձգելու համար։
Ի դեպ, ինձ և Արեգնազ Մանուկյանին կալանավորել են հնարավոր ամենաանմարդկային ռեժիմով։ Մեզ արգելված են բոլոր տիպի տեսակցությունները (միայն փաստաբանների հետ ենք շփվում)։ Արգելված է օրենքով սահմանված կարգով հեռախոսազանգ անել։ Նույնիսկ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս ինձ հետ հանդիպել։
Կալանքի նման ձևն այն պատվիրատուի հոգեխանգարմունքի և մեծ վախերի մասին է վկայում։ Այ սա կարելի է պետական գաղտնիքի հրապարակում համարել։ Թեև դա էլ գաղտնիք չէ։
Անդրանիկ Թևանյան
«Երևան-կենտրոն» ՔԿՀ,
16.07.2026թ.»։