Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.

«Դրսում իրեն են շանտաժ անում, ներսում՝ ինքը»․ Սևակ Հակոբյան

63
Այսօր, 11:42
«Դրսում իրեն են շանտաժ անում, ներսում՝ ինքը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հերթական հաղորդաշարը վերնագրել է «Դրսում իրեն են շանտաժ անում, ներսում՝ ինքը»։

Տեսանյութում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին հավանություն տալուն, որն ուղարկվել է ՍԴ, Հակոբյանը մասնավորապես ասում է․ «Պարզ է, որ այդ նախագիծը ԱՄՆ համար չունի տնտեսական հետաքրքրություն, Հայաստանին դա շատ եկամուտներ չի էլ բերելու, և միակ օգտվողը լինելու է Ադրբեջանը․ այդ նախագիծը չափազանց ձեռնտու է նրան և Թուրքիային։

Ադրբեջանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը դարձյալ դա անվանել են «Զանգեզուրի միջանցք»․ հայկական կողմից ոչ մի հերքում, զուտ պատասխան՝ պատասխանի համար։

Ու հիմա պետք է հավատանք, թե ամեն ինչ կարգի՞ն է այդ ծրագրում։ Դուք մինչև հիմա չեք կարողացել ձեր գործընկերներին, ձեզ հետ բանակցողներին բացատրել, համոզել, հետները պայմանավորվել, որ դա նախ միջանցք չէ, Հայաստանի տարածքով միջանցք չեք տալիս, բացի այդ՝ անունն էլ «Զանգեզուրի միջանցք» չէ, թող չասեն էդպես։ Մինչև հիմա չեք կարողացել բացատրել, թե մուտքն ու ելքը որտեղ է գտնվում և ով է վերահսկելու։ Իսկ ինչո՞ւ չեք կարողանում․ որովհետև իրականում պայմանավորվածություններն ա՞յլ են։ Բա դուք բացառում էիք Հայաստանի տարածքով միջանցքը․ հիմա անունը դուք դնում եք ուղի, նրանք դնում են միջանցք, բայց տրամաբանությունը միջանցքային է, չէ՞։ Ու եթե անգամ չեք կարողացել համոզել, որ «Զանգեզուրի միջանցք» չասեն, ո՞նց եք պատկերավնում դրա կառավարումը։

Իսկ ո՞րն էր շտապելու տրամաբանությունը․ այն էլ հիմա, երբ ԱՄՆ-ն ու Իրանը պատերազմում են, դու վավերացնում ես այդ նախագիծը, որի շուրջ Իրանն ունի մտահոգություններ։

Ամենօրյա կտրվածքով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանության վրա՝ պահանջելով սահմանադրության փոփոխություն։ Այս ամենը, որքան էլ չտեսնելու տան, խորը վտանգներ է պարունակում։

Ընդհանրապես, վերջին ամիսներին մի քանի զգայուն թեմա կա, որ շատ է արծարծվել մեր երկրում։ Մեկն անկլավների անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու թեման է, մյուսը՝ Սահմանադրությունը փոխելու թեման, որը վերածվել է պարտադրանքի։ Հաջորդը «Զանգեզուրի միջանցք» թեման է, մյուսն ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման։ Այդ թեման Ադրբեջանը մշտապես է ակտիվ պահում, իսկ Հայաստանի կողմից պաշտոնական լռություն է։ Մյուսը սեպտեմբերին պատերազմի թեման է։ Այս հարցերը մեզ անընդհատ հետապնդում են, և 5 հարցն էլ ընտրությունների այլ արդյունքի պարագայում բոլորովին հակառակ ընթացք կարող էր ունենալ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան