«Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը». Բագրատ Սրբազան
64
Այսօր, 19:00
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը գրել է. «ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ: Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը՝ որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր՝ ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը... նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին... նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս): Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր՝ հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն. «Նահատակք պանծալիք եւ Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն. Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի Արեամբ ձերով ի մահ խաչին...» (Սբ Ներսես Շնորհալի) Իմիջիայլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»: Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը՝ վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին. «Մարտիրոսք ցանկալիք եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն, որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան» (Սբ Ներսես Շնորհալի) Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը՝ սրբադասելով նրանց՝ որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը՝ նահատակության և սրբադասման սկզբունքը կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար: Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի՝ Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները՝ սեփական ինքնությանը հարազատ՝ ներառյալ հավատքի պաշտամունքը: Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված՝ անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ՝ շահեդ Մարգար Մարգարյան)): Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի՝ Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72): Շարունակելի...»: