«Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի». Թաթուլ Հակոբյան
70
Այսօր, 03:06
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը այսօր մարդուժի կարիք ունի: Գյուղերում, ավաններում ու քաղաքներում այսօր աշխատում են պարսիկներ, արաբներ, հնդիկներ... Մեր գյուղի անվերջ կառուցվող դպրոցում աշխատում էին պարսիկներ, ապա՝ եգիպտացիներ, հիմա նորից տեսնում եմ պարսիկների: Մեկին տեսա խանութում երկու օր առաջ, հարց ու փորձ արեցի, ասաց Ահվազից է, ազգությամբ՝ բախտիյարի: Եթե գյուղում գործ ունես, շատ բարդ է մարդ գտնել: Եթե ես ասեմ, որ այսօր Հայաստանը կարող է 1 միլիոն մարդ ընդունել՝ նկատի ունեմ Սփյուռքից վերադարձ, բեյբի բում և այլն, ապա ինձ կարող են քննդատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար և ասել, որ այդ թվի տակ չկա հաշվարկ: Մեկ միլիոնը թողնեմ մի կողմ, բայց այսօր Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի, որը լրացնում են պարսիկներ, արաբները, հնդիկները և հալալ է նրանց, թող աշխատեն, մեր երկրում են աշխատում, ի վերջո, մեր երկրի համար են աշխատում: Ես կուզեմ, որ նրանք մնան Հայաստանում, դառնան ՀՀ քաղաքացիներ... Եթե մեր երկիրն ունի ավելի քան 100 հազար աշխատուժի կարիք, ապա կարող է հավելյալ ունենալ մինչև 500 հազար բնակչություն եղած 3 միլիոնին գումարած: Մեր գյուղատնտեսական հողերի ուղիղ կեսը չի մշակվում: Աշխատուժի և բնակչության կարիք ունեն հատկապես մեր փոքր քաղաքներն ու գյուղերը, քանի որ վերջին 15-20 տարիներին տեղի է ունեցել ահռելի արտահոսք գյուղերից դեպի Երևան և հեռացել են քիչ թե շատ որակյալ մասնագետները, և այսօր նրանց տեղը ուղղակի դատարկ է: Ինձ թվում է՝ պետությունը պետք է լրջարոն զբաղվի ապակենտրոնացմամբ և կանխի Երևանի հետագա կառուցապատումն ու ընդլայնումը: Շատ կուզենայի, որ այս հարցերի մասին լիներ մեր ներքաղաքական բանավեճը: Բայց նման բանավեճի համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ, ապագայի տեսլական ու լիքը այլ բաներ»: