Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ.

«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան

84
Այսօր, 17:12
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը պատմական նշանակության քայլ է։ Այն արժանի է գնահատանքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ռազմավարական հաշվարկներ են նախորդել այդ որոշմանը։ Միջազգային հարաբերություններում պետությունները գործում են իրենց ազգային շահերից ելնելով, սակայն այդ իրողությունը չի նվազեցնում պատմական ճշմարտության, բարոյական պատասխանատվության և արդարության արժեքը։
Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի որոշումը՝ միաժամանակ հստակ ընդգծելով, որ այն որևէ կերպ ուղղված չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ։ Պատմական ճշմարտության ճանաչումը կարող է և պետք է դառնա հաշտեցման, պատասխանատվության և երկարաժամկետ խաղաղության հաստատման հիմքերից մեկը։
Հայաստանի շահը Թուրքիայի մեկուսացումը չէ։ Հայաստանի շահը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սահմանի բացումը, տնտեսական հաղորդակցությունների զարգացումը, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շուկաների հետ անմիջական կապի ստեղծումը, տարածաշրջանային փոխկախվածության խորացումը և կայուն խաղաղության ձևավորումը։ Այդ նպատակները որևէ հակասություն չունեն պատմական արդարության հետ։
Ընդհակառակը՝ որքան Թուրքիան խորացնի իր հարաբերություններն արևմտյան քաղաքական և անվտանգության համակարգի հետ, այնքան ավելի կնվազի Հարավային Կովկասում հին աշխարհաքաղաքական տրամաբանությունների ազդեցությունը։ Հայաստանի պատմական փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Թուրքիան իր արտաքին քաղաքական առանցքը տեղափոխել է դեպի եվրասիական և ռուսական ուժային համակարգեր, Հայաստանը վճարել է դրա ամենածանր գինը։ Իսկ երբ Անկարան ավելի սերտ է ինտեգրվել արևմտյան համակարգին, Հայաստանի համար ստեղծվել են հարաբերականորեն ավելի կանխատեսելի և անվտանգ պայմաններ։
Իսրայելի որոշումն ընդունվում է մի փուլում, երբ Արևելյան Միջերկրականում ձևավորվում են նոր գործընկերություններ (Ֆրանսիա-Հունաստան-Կիպրոս-Իսրայել), բազմաթիվ վերլուծաբաններ այս գործընթացները դիտարկում են որպես ավելի լայն տարածաշրջանային վերադասավորումների մաս։ Հայաստանի խնդիրը այդ մրցակցության կողմ դառնալը չէ, այլ այնպիսի քաղաքականություն վարելը, որը ցանկացած վերադասավորում կվերածի Հայաստանի անվտանգության, տնտեսության և միջազգային դիրքերի ամրապնդման հնարավորության։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր քաղաքական խթան՝ արագացնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի թեկուզ փուլային բացման գործընթացը։ Դա կարող է դառնալ Անկարայի ամենառացիոնալ և հեռատես պատասխանը Երուսաղեմին՝ ցույց տալով, որ Թուրքիան Հարավային Կովկասում ընտրում է ոչ թե դիմակայության, այլ կայունության, հաղորդակցությունների և քաղաքական կարգավորման ճանապարհը։ Այդպիսի որոշումից առաջին հերթին կշահի Հայաստանը, սակայն դրա դրական ազդեցությունը կզգա ամբողջ տարածաշրջանը։
Ավելին, Հայաստան-Թուրքիա կարգավորման առաջընթացը կարող է ազդել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Անկարան կարող է ընդհուպ Բաքվին մղել դեպի խաղաղության պայմանագրի արագ ստորագրում՝ առանց նոր նախապայմանների և առանց բանակցություններն արհեստականորեն ձգձգելու։ Սա դիվանագիտական պատուհան է, որը Հայաստանը պետք է վերածի ռազմավարական հնարավորության։
Միաժամանակ բացվում է ևս մեկ կարևոր ուղղություն։ Իսրայելի պաշտոնական ճանաչումը կարող է հայ-հրեական հարաբերությունները տեղափոխել որակապես նոր մակարդակ՝ պետական, ակադեմիական, տեխնոլոգիական և հասարակական հարթություններում։
Հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ հրեական համայնքներն ունեն նշանակալի քաղաքական, փորձագիտական և հանրային ազդեցություն, Հայաստանի համար ձևավորվում է նոր երկխոսության և գործընկերության հնարավորություն, որը կարող է ծառայել մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին։
Այս գործընթացի տրամաբանական շարունակությունը կարող է լինել նաև Իսրայելի դիվանագիտական ներկայության ամրապնդումը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում դեսպանության հիմնումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է այս ուղղությամբ գործի առավելագույն թափանցիկությամբ՝ հատկապես Իրանի հետ հաղորդակցության մեջ հստակ ընդգծելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը որևէ կերպ ուղղված չէ բարեկամ Իրանի դեմ։
Հայաստանի արտաքին քաղաքական հասունությունը հենց այստեղ է․ զարգացնել նոր գործընկերություններ՝ չվնասելով գործող ռազմավարական և բարեկամական հարաբերությունները։
Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունի նաև Սփյուռքը։
Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը նույն ազգային համակարգի տարբեր, բայց փոխլրացնող դերակատարներ են։ Սփյուռքի քաղաքական և ազգային կառույցները կարող են անվերապահորեն ողջունել Իսրայելի այս պատմական որոշումը, խորացնել համագործակցությունը հրեական համայնքների ու կազմակերպությունների հետ և ուժեղացնել ցեղասպանությունների կանխարգելման, պատմական արդարության ու հիշողության պաշտպանության միջազգային օրակարգը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով պետական պատասխանատվությամբ, պետք է հետևողականորեն առաջ տանի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը։ Սա ազգային քաղաքականության հասուն դերաբաշխում է, երբ Սփյուռքը պաշտպանում է պատմական արդարության համաշխարհային օրակարգը, իսկ պետությունը կառուցում է Հայաստանի անվտանգ ապագան։
Պետությունների մեծությունը չափվում է ոչ միայն հիշողությունը պահպանելու, այլև այդ հիշողության վրա ապագա կառուցելու կարողությամբ։
Եթե Հայաստանը կարողանա այս պատմական որոշումը վերածել նոր դիվանագիտական հնարավորությունների, նոր ռազմավարական գործընկերությունների և տարածաշրջանային խաղաղության լրացուցիչ խթանի, ապա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա ոչ միայն պատմական արդարության հաղթանակ, այլև Հայաստանի նոր արտաքին քաղաքական հաջողություններից մեկը»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան