«ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը»․ Դավիթ Անանյան
46
Այսօր, 18:12
ՊԵԿ նախկին ղեկավար, «Միասնության թևերի» անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԸՀ-ի կողմից 10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման որոշումը լուրջ իրավաքաղաքական փակուղի տանող իրավիճակի է հասցրել։ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածը ԿԸՀ-ին տալիս է բացառիկ լիազորություն՝ անվավեր ճանաչելու տեղամասի արդյունքները միայն այն դեպքերում, երբ արձանագրված խախտումների հետևանքով անհնար է դառնում պարզել ընտրողների իրական կամարտահայտությունը։ Այսինքն՝ օրենսդիրը ԿԸՀ-ին չի տվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելու իրավունք։ ԿԸՀ-ն պարտավոր էր ապացուցել մեկ բան՝ որ տվյալ տեղամասերում անհնար էր պարզել ընտրողների կամքը։ Սակայն նույնիսկ եթե ընդունենք այդ վիճահարույց պնդումը, գործում է նաև նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի տրամաբանությունը, որի համաձայն յուրաքանչյուր տեղամասի արդյունք անմիջական ազդեցություն ունի համապետական ընտրության վերջնական արդյունքի և մանդատների բաշխման վրա։ Հետևաբար, ԿԸՀ-ն, եթե հանդես գար որպես իրապես անկախ մարմին, չէր կարող չգիտակցել, որ իր որոշումը պարզապես երկու տեղամասի հարց չէ. այլ որոշում, որն ազդում է Ազգային ժողովի ապագա կազմի վրա, որոշում, որն ազդում է քաղաքական ուժերի հարաբերակցության վրա, քանի որ, դրանից էր կախված, թե արդյո՞ք խորհրդարանում կհայտնվի ևս մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, թե՞ ոչ։ Եվ հենց այստեղ է ծագում գլխավոր քաղաքական հարցը։ Եթե 48-րդ հոդվածի կիրառման անմիջական հետևանքը դառնում է 95-րդ հոդվածով ձևավորվող քաղաքական իրականության փոփոխություն, ապա ակնհայտ է, որ հիշյալ 48-րդ հոդվածն օգտագործվել է ոչ թե ընտրողի կամքը պաշտպանելու, այլ 95-րդ հոդվածով ձևավորվող վերջնական քաղաքական արդյունքը վերափոխելու համար։ Այլ կերպ ասած՝ խոսքը այլևս ընտրական իրավունքի մասին չէ։ Խոսքը քաղաքական իշխանության վերարտադրության մեխանիզմի մասին է։ Եթե Սահմանադրությամբ որպես անկախ հռչակված պետական մարմնի՝ ԿԸՀ-ի որոշման արդյունքում քաղաքական օգուտ է ստանում բացառապես գործող իշխանությունը, եթե այդ որոշման հետևանքով թուլանում է ընդդիմադիր ներկայացվածությունը, եթե դրա արդյունքում պահպանվում է իշխանության քաղաքական մենաշնորհը, ապա ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը՝ նոր հիմքեր ստեղծելով այն համոզման համար, ըստ որի՝ վաղուց դադարել է լինել Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմին։ Այնինչ, Ժողովրդավարական համակարգում ԿԸՀ-ի առաքելությունը ժողովրդի կամքը հաշվարկելն է։ Ոչ թե ժողովրդի կամքը խմբագրելը։ Ոչ թե քաղաքական հավասարակշռությունը կարգավորելը։ Ոչ թե որոշելը, թե որ քաղաքական ուժը պետք է հայտնվի խորհրդարանում, իսկ որը՝ մնա դրանից դուրս։ Եթե ընտրությունից հետո վարչական որոշումների միջոցով հնարավոր է դառնում փոխել այն քաղաքական պատկերը, որը ձևավորվել է քվեատուփի մոտ, ապա դա արդեն ընտրությունների արդյունքների ամփոփում չէ, այլ խեղաթյուրում: Եթե ԿԸՀ-ն (իր կարգադրիչով հանդերձ) կարծում էր, թե այս որոշումներով ամրապնդում է իշխանության դիրքերը, ապա չարաչար սխալվում է, քանի որ կարող է ստացվել ճիշտ հակառակը։ Երբ պետական ինստիտուտներն անցնում են կարմիր գծերն ու կորցնում են հանրային վստահության վերջին փշրանքները, սկսվում են այնպիսի քաղաքական գործընթացներ, որոնք միավորում են ընդդիմադիր դաշտը՝ նույնիսկ միմյանցից խիստ տարբերվող ուժերին։ Ժողովրդավարության և ընտրողի կամքի պաշտպանության շուրջ համախմբումը կարող է դառնալ այս որոշումների ամենաուղղակի քաղաքական հետևանքը»։