Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ.

«Ադրբեջանում պահանջում են Արծվաշենը հանել Գեղարքունիքի մարզի գյուղերի ցանկից». Կարեն Հեքիմյան

104
Այսօր, 03:30
«Ադրբեջանում պահանջում են Արծվաշենը հանել Գեղարքունիքի մարզի գյուղերի ցանկից». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում ակտիվացել են Արծվաշենի վերաբերյալ քննարկումները:
Վերջերս Գեղարքունիքում, հանդիպումներից մեկի ընթացքում, Փաշինյան Նիկոլը խոսեց Արծվաշենի մասին: Վերջինս ակնարկեց, որ խնդրի հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակման տարբերակի քննարկումը։ Փաշինյան Նիկոլի այդ ակնարկն Ադրբեջանում բուռն քննարկման առիթ հանդիսացավ:
Ադրբեջանցի քաղաքական գործիչները, փորձագետներն ու մեկնաբանները միակարծիք են. «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական երեք անկլավ (Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու|Բարխուդարլու, Քյարքի), որոնք պետք է վերադարձվեն»: Վերջիններս հարց են բարձրացնում՝ եթե ադրբեջանական անկլավներն աներկբա վերադարձվելու են, ապա ինչի՞ հետ է Փաշինյան Նիկոլը պատրաստվում փոխանակել Արծվաշենը: Ադրբեջանցիների մոտ նման մոտեցում է առաջացել, քանզի նրանք համոզված են, որ Արծվաշենն ապրիորի «ադրբեջանական հող է»:
Այսինքն, մի կողմից՝ Ադրբեջանի քաղաքական էլիտան գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս մնացած երեք անկլավների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները միջազգային մակարդակով ճանաչված են, սակայն, մյուս կողմից՝ Արծվաշենի նկատմամբ Հայաստանի միջազգային նույնաբովանդակ իրավունքները նույն «էլիտան» չի ճանաչում: Ըստ այդմ, Ադրբեջանում պնդում են, որ Յուխարի Ասքիփարան, Սոֆուլու|Բարխուդարլուն և Քյարքին պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի, իսկ Արծվաշենի մասով՝ «Հայաստանը չունի իրավական ինքնիշխանություն այդ գյուղի նկատմամբ։ Խորհրդային շրջանում Ադրբեջանի որոշ տարածքներ ապօրինաբար փոխանցվել են Հայաստանին, և Արծվաշենը դրանցից մեկն է»։ Ավելին՝ Ադրբեջանում, բացի ՀՀ Սահմանադրության փոփոխումից, սկսել են պահանջել նաև «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն: Ըստ այդմ, պահանջվում է Արծվաշենը հանել Գեղարքունիքի մարզի գյուղերի ցանկից:
Իսկ «ամենահայանպաստ» դիրքորոշումը հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Հասաբղուլիև Հուդրաթը: Վերջինիս կարծիքով, եթե, այնուամենայնիվ, Արծվաշենի խնդիրը մտնի քաղաքական օրակարգ, ապա այն պետք է լուծվի բացառապես հանրաքվեով:
Տեսանյութում՝ Արծվաշենն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան