Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՖԵՅՍԲՈԻՔՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հարգելի գործընկերներ, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի ողջ անձնակազմը իր խորին վշտակցությունն է հայտնում դպրոցի նախկին աշակերտ Ալեքսանդր Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ հավելելով, որ կատարված ողբերգության մասին մենք շատ ուշ ենք իմացել: Սակայն, ի պատասխան ֆեյսբուքյան հարթակում Ալեքսանդր Ղազարյանի ծնողի՝ Արթուր Ղազարյանի հայտարարությանը, պարզաբանում ենք, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հասցեին հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, կրում են զրպարտչական բնույթ և արատավորում են դպրոցի բարի համբավը: Ալեքսանդր Ղազարյանը տարրական կրթությունը ստացել է Պուշկինի անվան հիմնական դպրոցում, որից հետո տեղափոխվել է «Ուսում» ոչ պետական դպրոց, իսկ 9-րդ դասարանից, այն է՝ 2022թ-ի նոյեմբերի 04-ից, ծնողի դիմումի համաձայն, որպես միջազգային օլիմպիադայի մեդալակիր, ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոց, իսկ 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, դարձյալ ծնողի դիմումի համաձայն, տեղափոխվել է Երևանի թիվ 83 ավագ դպրոց: Փաստենք, որ Ալեքսանդր Ղազարյանը Ֆիզմաթ դպրոցում սովորել է ընդամենը մեկ տարի երեք ամիս: Ալեքսանդր Ղազարյանը 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այն է՝ 2024թ-ի փետրվարի 16-ից, արդեն Ֆիզմաթ դպրոցի աշակերտ չէր, մինչդեռ պարոն Ղազարյանի հայտարարությունը թյուր տպավորություն է ստեղծում, թե իբր դեպքը կատարվել է Ալեքսանդր Ղազարյանի Ֆիզմաթ դպրոցում սովորելու ընթացքում, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում և արատավորում է 60 տարվա բարի համբավ ունեցող մեր կրթօջախը: Ալեքսանդր Ղազարյանը, իրոք, ուներ բնատուր ընդունակություններ, հետաքրքրված էր ծրագրավորմամբ և տարբեր օլիմպիադաներում արժանացել է արծաթե և բրոնզե մեդալների: Յուրաքանչյուր օլիմպիադայից վերադառնալուց հետո դպրոցը խանդավառությամբ դիմավորում է իր սաներին, հետևաբար նաև Ալեքսանդրին: Սակայն Ալեքսանդրը ինչ-որ պահից սկսեց այլևս դասի չգալ, գալու դեպքում էլ մեկուսանում էր և չէր ցանկանում ո՛չ դասին մասնակցել, ո՛չ էլ ընկերների հետ շփվել: Այս խնդիրը մեզ չափազանց անհանգստացնում էր, և դասղեկը ամենօրյա կապով իրազեկում էր ծնողներին երեխայի վիճակի մասին: Դպրոցի հոգեբանը, թույլտվություն ստանալով երեխայի ծնողներից, սկսեց Ալեքսանդրի հետ աշխատել, բայց որոշ ժամանակ հետո նա եկավ այն եզրակացության, որ Ալեքսանդրի խնդիրն ավելի խորն է: Դպրոցի տնօրենությունը ծնողներին հրավիրեց դպրոց՝ տեղեկացնելով, որ Ալեքսանդրին անհրաժեշտ է ավելի խորը մասնագիտական /բժշկական/ օգնություն: Այդ լուրը ծնողներին հանկարծակիի չբերեց, ընդհակառակը, նրանք ևս պնդեցին, որ իրենք ի զորու չեն երեխային դպրոց ուղարկել կամ սևեռուն մտքերից հետ պահել: Մեր այս հանդիպումից հետո ծնողները վերջնականապես եկան այն համոզման, որ երեխայի համար լավագույն լուծումը նրան այլ դպրոց տեղափոխելն է: Չնայած երկու տարի Ալեքսանդրն արդեն մեր աշակերտը չէր, բայց մենք հոգեբանի միջոցով պարբերաբար հետաքրքրվում էինք նրա առողջական վիճակով: Ընդհանրացնելով վերոգրյալը՝ փաստենք, որ Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների և հոգեբանի ուշադիր և հետևողական աշխատանքի շնորհիվ Ալեքսանդր Ղազարյանի՝ Ֆիզմաթ դպրոցում սովորելու մեկ տարի երեք ամիս ժամանակահատվածում իր անձը վնասելու որևէ դեպք չի արձանագրվել, և նա որևէ անլուծելի խնդրի առջև չի կանգնել: Ըմբռնումով և խորին ապրումակցմամբ մոտենալով ծնողների հոգեվիճակին, այնուամենայնիվ, հորդորում ենք զերծ մնալ Ֆիզմաթ դպրոցի աշխատակազմին և սովորողներին անհիմն մեղադրելուց, դպրոցի բարի համբավը արատավորող, վիրավորական և զրպարտչական հայտարարություններ տարածելուց»: