«Ռուբեն Վարդանյանի գործունեությանն անդրադառնալը անհրաժեշտ է հատկապես այս պատմական շրջափուլում»․ Հակոբ Բադալյան
57
Այսօր, 17:36
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է: Ռուբեն Վարդանյանն իր գործունեությամբ մի կողմից ավելորդ է դարձրել թերևս իր մասին որևէ բան ասելը, և մյուս կողմից՝ այդ գործունեությանն անդրադառնալն ու Վարդանյանի ստանձնած պատասխանատվությունը մատնանշելը ոչ միայն ավելորդ չէ երբեք, այլ ըստ էության անհրաժեշտ է հատկապես այս պատմական շրջափուլում: Անհրաժեշտ է, որովհետև սեղանին դրված է հայկական ազգային ու պետական ինքնությունն ապամոնտաժումից պաշտպանելու հարցը: Իսկ Ռուբեն Վարդանյանը իր կյանքի վերջին մեկ-մեկուկես տասնամյակը առավել ակտիվ նվիրել է հենց այդ ինքնության ամրապնդման, բյուրեղացման գործին, իսկ վերջին մի քանի տարին՝ նվիրվել է դրան ըստ էության զոհաբերվողի վեհանձնությամբ ու սառնասրտությամբ, բայց առանց անձնապաստան վերամբարձության: Մարդը, որը մեծ հաշվով իր այդ նվիրումը շարունակում է Բաքվում պատանդառված վիճակում, ընտանիքի միջոցով հանրային ուղերձ հղելու չափազանց սուղ հնարավորությունը ծառայեցնելով իր այդ նվիրումին: Այսօր կեղծ, պարտադրված «հայեցակարգերի» շրջանակում նենգափոխելով իրականությունը, այդ նենգափոխումը հռչակվում է իբրև «զոհի կերպարից դուրս գալու պատմական պրոցես»: Մինչդեռ, իրականում հենց այդ պրոցեսն է հայաստանյան հանրությանը պարտադրում զոհի կերպար և խորացնում այն՝ նոր շրջափուլի հիմքում դնելով այլ բանի անզորության գիտակցումը: Մինչդեռ, Ռուբեն Վարդանյանի գործունեության կոնցեպտը արմատապես այլ էր և իրապես՝ զոհի կերպարի հաղթահարմանը միտված, երբ հանրությանը ներարկվում էր աշխարհի առաջ բաց լինելու գաղափարը, բայց ոչ թե ինքնության հանձնման կամ ապամոնտաժման հաշվին, այլ հենց ինքնության բյուրեղացման շնորհիվ: Որովհետև այդ դեպքում է միայն հնարավոր աշխարհի հետ հարաբերությունը կառուցել փոխադարձության սկզբունքի վրա, այլ ոչ թե անձնատուր լինելու: Եվ Հայաստանի ապագան անկասկած ինքնության բյուրեղացման այդ կոնցեպտինն է, և այդ ապագայի կառուցման հարցում Ռուբենն անկասկած դեռ լինելու է ակտիվ ու ազատ մասնակից»։