Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 մայիսի, 2026 թ.

«Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը»». Թաթուլ Հակոբյան

60
Այսօր, 02:06
«Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը»». Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը»
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բացատրում էր, որ Հայաստանում բնակչության 90 տոկոս և ավելին երբեք հայ չի եղել:
Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է դա ասել և ինչ ենթատեքստում է ասել: Քանի որ չգիտեմ փորացավի հիմքը, պետք է ուղղակի մի քանի ժողովրդագրական փաստ նշեմ:
Որպես հիմք վերցնում են 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարը: Դրա համաձայն, Խորհրդային Հայաստանում 1926 թվականին բնակչության ընդհանուր թիվը կազմել է 880,464 հոգի, որից ազգային փոքրամասնությունների ընդհանուր տոկոսը կազմել 14 տոկոսը, որից գրեթե 9 տոկոսը՝ թուրքեր, այսօրվա ադրբեջանցիներ:
Միանգամից կարող եք ասել՝ մեր վարչապետը ճիշտ է ասել:
Այո, ճիշտ է ասել, բայց ասել է ընտրողաբար և չի նկատել, որ Հայաստանի հարևանությամբ եղել են այլ պետություններ ևս:
Վերցնենք այդ ժամանակվա Հայաստանի անմիջական հարևաններից մեկին՝ Ադրբեջանին և տեսնենք, թե այնտեղ ինչպիսին էր բնակչության ազգային կազմը:
1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը կազմել է 282 004 հոգի կամ ամբողջ բնակչության ավելի քան 12 տոկոսը:
Ես մի կողմ եմ թողնում, որ այդ ժամանակ Ադրբեջանում նաև այլ ազգային փոքրամասնություններ կային՝ մեծ թվով ռուսներ, թալիշներ, ավարներ, քրդեր և այլն, բայց հայերը ազգային ամենամեծ փոքրամասնությունն էին խորհրդային բոլոր մարդահամարների տվյալներով:
Հիմա պատկերացրեք, որ Իլհամ Ալիևը հայտարարի, որ Ադրբեջանում ադրբեջանցիները երբեք 60 տոկոսից ավելին չեն կազմել:
Անշուշտ, նման բան չի հայտարարի: Ինքը ուրիշ բան է անում՝ պատվեր է տալիս, որ իր երկրի ակադեմիական հանրությունը գրքեր գրի այն մասին, որ հայերը եկվորներ են:
Նրա կառավարության հովանավորությամբ 2026թ. հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնքը:
Սրան զուգահեռ վարչապետ Փաշինյանը հատ-հատ ասում է՝ իմ կառավարման ժամանակ Ղարաբաղ վերադարձի հարց չի դրվելու, Բաքու վերադարձ չի դրվելու և նշում մի քանի այլ վայրեր, որտեղից հայերը ենթարկվել են էթնիկ զտման:
Եվ վերջում, ինձ հետաքրքրում է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը օրակարգ բերում «Հայաստանում հայերի թիվը 90 և ավել տոկոս չի եղել» խոսքը:
Շնորհակալ կլինեմ, եթե Հայաստանի վարչապետը այս հարցին պատասխան տա իր հրապարակային ելույթներից մեկում»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան