Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 մայիսի, 2026 թ.

«Մենք Արցախում երբևէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ». Էրիկ Բեգլարյան

68
Այսօր, 01:06
«Մենք Արցախում երբևէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ». Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետությունը, չնայած չճանաչված պետություն էր, այդուհանդերձ իր իրավական համակարգի շրջանակներում լիարժեքորեն ապահովել և պաշտպանել է ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի իրավունքներն ու օրինական շահերը՝ համաձայն գործող դատավարական ընթացակարգերի։
Դիլհամ Ասկերովի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ընթացքում ես, որպես նրա պաշտպան, սահմանված կարգով բողոքարկել եմ դատական ակտերը՝ սկզբում վերաքննիչ դատարանում, այնուհետև՝ գերագույն դատարանում, որից հետո իմ և Դիլհամ Ասկերովի կողմից համապատասխան բողոք է ներկայացվել նաև միջազգային դատական ատյան։
Ցավով եմ արձանագրում, որ Ադրբեջանը, ի տարբերություն Արցախի Հանրապետության, որը նույնիսկ չճանաչված կարգավիճակ ուներ, հանդիսանալով միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն, ակնհայտորեն խախտում է մեր հայրենակիցների իրավունքներն ու օրինական շահերը։ Բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտվում է նրանց լիարժեք պաշտպանությունը՝ ներառյալ փաստաթղթերի կեղծման, դատական նյութերի թաքցման կամ անհասանելի դարձնելու դեպքերը, ինչը զգալիորեն բարդացնում է դատական ակտերի բողոքարկման բնականոն գործընթացը։
Այս ամենը հանդիսանում է մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Մենք, մեր կողմից, երբևէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ ապահովելով նրանց նկատմամբ դատավարական բոլոր անհրաժեշտ երաշխիքները։ Թող ադրբեջանցի իրավապահ մարմինները հարցնեն Դիլհամ Ասկերովից և ուսումնասիրեն մեր փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վերաբերվել մեղադրյալներին՝ գոնե որոշ չափով առաջնորդվելով մարդասիրական և իրավական սկզբունքներով։
Աշխարհը պետք է պատշաճ արձագանքի Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներին»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան