«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։ Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։ Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։ Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։ Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան նշանակվել է «Գյումրի» ԲԿ-ն կառավարելու համար, թե՞ նրա նշանակման հիմքում կան նաև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ կապված այլ նպատակներ։ Կամ գուցե նախարարը չափազանց բարձր է գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի շարքային վիրաբույժի կառավարչական փորձը, որի մասին, առնվազն հանրությանը, տեղեկություններ հայտնի չեն։ Իսկ գուցե այս նշանակման հարցում աշխատել է Խ-Ծ-Բ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը։ Ժամանակը ցույց կտա։ Հ.Գ. Առողջապահության նախարարին խնդրում եմ հրապարակել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանի ամբողջական մասնագիտական կենսագրությունը՝ կրթության, մասնագիտական աշխատանքային ստաժի և կառավարչական փորձի վերաբերյալ տվյալներով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու՝ արդյոք նրա նշանակումը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին և արդյոք պահպանվել են նշանակման համար անհրաժեշտ իրավական չափանիշները»։