Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։ Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։ Թեմայի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ հասկանալու համար՝ ի՞նչ բնույթի վճարների մասին է խոսքը (հավելավճար, պարգևավճար, մեկանգամյա խրախուսում և այլն), ՊՆ-ից ստացված պատասխանը, սակայն, ոչ թե փարատում է կասկածները, այլ ավելի է խորացնում դրանք։ Նախարարությունից հայտնել են․ «Ի պատասխան Ձեր կողմից 04.05.2026թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ համակարգի սահմանամերձ զորամասերի զինծառայողների և աշխատակիցների ամսական աշխատավարձերի (դրամական ապահովությունների) չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնից (պաշտոնի խմբից), ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից (գերազանց, լավ, բավարար), ինչպես նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշման համաձայն տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայման(ներ)ի համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափ(եր)ից և այդ պայման(ներ)ում ընդգրկված օրերի քանակից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին համապատասխան հավելումներով վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները՝ այդ մասով տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։ Այսինքն՝ ՊՆ-ն ընդունում է, որ սահմանամերձ զորամասերում աշխատավարձերի և դրամական ապահովության չափերը կարող են տարբեր լինել՝ կախված պաշտոնից, ատեստավորման արդյունքներից, ծառայության առանձնահատուկ պայմաններից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից։ Սակայն նախարարությունը չի բացահայտում հիմնականը՝ ինչ վճարումներ են իրականացվում հիմա, ինչ ժամկետով են նախատեսված, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, և արդյոք դրանք վերաբերում են հենց սահմանամերձ ծառայությանը։ ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական»։ |

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան
78Երեկ, 20:48
«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան
89Երեկ, 20:42
Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ
179Երեկ, 20:22
«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին
100Երեկ, 17:42
«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
104Երեկ, 17:24
«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան
117Երեկ, 17:12
