Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Պետրոս Ղազարյանն իշխող ուժի քարոզիչն է․ իրենց համար Ադրբեջանն ամենակարող է»․ Տաթևիկ Հայրապետյան

32
Երեկ, 17:44
«Պետրոս Ղազարյանն իշխող ուժի քարոզիչն է․ իրենց համար Ադրբեջանն ամենակարող է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի բանավեճը․ դա զրույց չէր, հարցազրույց չէր, հստակ բանավեճ էր։
Ինչևէ, բացի նկարի հետ կապված դրվագից, որը Պետրոս Ղազարյանն ակնհայտորեն չէր սպասում, ինձ համար առավել հետաքրքրական էր ռազմական ծախսերի և զսպման մեխանիզմի հետ կապված հատվածը։ Արման Թաթոյանը, ի հեճուկս առկա հանձնվելու քաղաքական քարոզի, բերում է օրինակներ, երբ ռազմական բյուջեներում եղած բավական ակնառու տարբերություններով պետությունները կարողանում են զսպել թվացյալ առավել ուժեղ հակառակորդին։ Խոսում է Իրան և ԱՄՆ, Իրան և Սաուդյան Արաբիա օրինակների մասին։ Պետրոսն այս պահին առավել ագրեսիվ է ընդհատում Թաթոյանին, քանի որ նման օրինաչափություններն անհարմար են․ Հ1-ի լսողը չպետք է իմանա, որ կարելի է դիմակայել։ Քանի որ Պետրոս Ղազարյանն ընդամենն իշխող ուժի քարոզիչն է և նրանց թեզերն է բարձրաձայնում, այս բանավեճից ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ իրենք երբեք չեն կարող ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է փոխզսպել Ադրբեջանին, իրենց ուղեղում Ադրբեջանն ամենակարող է։
Լավ, եթե դա է տրամաբանությունը, եթե մենք որևէ կերպ չենք կարող ռազմական առումով դիմակայել Ադրբեջանից եկող սպառնալիքներին, ապա ինչո՞ւ է բանակ պահվում առհասարակ․ ցրեք, թող գնա, մեկ է՝ դուք այն անկարող եք համարում։ Ինչո՞ւ եք զենք գնում, եթե չեք կարող դիմակայել, և ի վերջո՝ ո՞ւմ է ուղղված մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությունը, ի՞նչ նպատակ ունի զենքեր ցուցադրել, եթե դուք ձեր ուղեղում հանձնվել եք Ադրբեջանի գոյություն չունեցող ողորմածությանը։
Որպես ընտրող և գիտակից քաղաքացի՝ ես հենց նման բովանդակություն եմ ուզում լսել, թե ով ինչ ծրագիր ունի Ադրբեջանին փոխզսպելու, քանի որ ով իմանա, չիմանա՝ ես լավ գիտեմ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ մշակում է հստակ զավթողական ու վտանգավոր ծրագրեր։ Դրանց դիմակայել է պետք, քննարկումներն էլ պետք է լինեն որակյալ։ Արման Թաթոյանին և այլ ընդդիմադիրների հորդորում եմ շատ խոսել այդ թեմաներով»։