Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.

«Ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով»․ Նաիրի Հոխիկյան

116
Այսօր, 17:24
«Ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ընդդիմադիր դաշտը հիմնականում գործում է Նիկոլ Փաշինյանի գրած կանոններով։ Բերեմ փաստեր.
1. Նիկոլը մշտապես ասում է, թե փորձառու քաղաքական գործիչները, այլ կերպ ասած՝ նախկինները, չպետք է տեղ ունենան քաղաքական դաշտում և պետք է պայքարի մեջ մտնեն նոր մարդիկ։ Եվ այդ հիմար մտքին հետևելով՝ ընդդիմության մեծ մասը նախընտրում է առաջին պլան բերել անփորձ անձանց, իսկ անփորձին սխալ ուղու վրա դնելը, պահի տակ որոշում կայացնելու դրդելը հեշտ է, էլ չասեմ ազդեցության տակ գցելը։
2. Նիկոլը կարողացել է Ռոբերտ Քոչարյանին դարձնել վախենալու մարդ, և այդ քարոզին ևս հետևելով՝ ընդդիմադիր բազմաթիվ ուժեր անընդհատ արդարանում են, թե իրենց հաջողության հասնելու դեպքում հաստատ չեն համագործակցի Քոչարյանի հետ։ Ինձ զարմացրեց հատկապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը բացառում է Քոչարյանին պաշտպանելը։ Այսինքն, եթե Քոչարյանի գլխավորած դաշինքն ամենաշատ ձայներ հավաքի, Ծառուկյանը պիտի մերժի նրան միայն այն պատճառով, որ չասե՞ն Քոչարյանական։
3. Նիկոլը կարողացել է քաղաքական խոսույթը ձևավորել «Խաղաղություն» բառի շուրջ, և ընդդիմության հիմնական խաղացողները հետևում են այդ կանոնին։ Ամեն մեկը իր պատկերացրած ձևով է անդրադառնում խաղաղության պահպանմանը և ամեն մեկը փորձում է արդարանալ, թե ինքը պատերազմ չի բերի, եթե իշխանության գա։ Մինչդեռ նա, ով երկիրը հասցրել է այս աղետալի վիճակին, ով պատերազմ է բերել ու Արցախը դավաճանաբար հանձնել է թշնամուն, այսօր մյուսներին մեղադրում է պատերազմի կողմնակից լինելու համար։ Ցավոք, ընդդիմությունը մեծ մասամբ արդարանում է այդ առումով։
4. Նիկոլը նախընտրական պայքարն իջեցրել է ամենացածր մակարդակի՝ մտնելով բամբասանքի ու հայհոյանքի դաշտ։ Դա իրեն հարազատ ձև է, դա միջոց է, որտեղ Նիկոլն իր թիմով մրցակից չունի, բայց երբ ընդդիմությունը մտնում է այդպիսի խաղի մեջ, անպայման պարտվելու է։ Ցավոք, հիմնական ընդդիմադիր ուժերը գնում են Նիկոլի գծած կանոններով ու իրենք էլ են մտնում այդ էժան խաղի մեջ։ Այնինչ ժողովրդին պետք է տալ իրական ազգային բարձր արժեքներ, պետք է խոսել ոչ թե հայհոյանքի կամ բամբասանքի լեզվով, այլ քաղաքակիրթ ու կառուցողական ծրագրերով։ Եթե թվում է, թե ժողովուրդը դա չի հասկանա, ապա դուք շատ վատ եք ճանաչում մեր ժողովրդին, իսկ երբ վատ ես ճանաչում նրան, ումից ձայն ես խնդրում, ապա չես ստանա այդ ձայնը։
Ես դեռևս մտավախություն ունեմ, որ ժողովրդի մեծ մասը կբոյկոտի ընտրությունները և չի մասնակցի, քանի դեռ հիմնական ընդդիմադիր ուժերը գործում են Նիկոլի գրած նախընտրական քարոզչության կանոններով»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան