Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը

74
Այսօր, 00:12
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մերձակայքում՝ Մթնաձոր գետակի կիրճում՝ բարձր ժայռերի վրա կան բնական քարայրներ, որոնցում մարդիկ պատսպարվել են թշնամական հարձակումների ժամանակ: Հայտնի է, որ, օրինակ, լեզգիների (XVIII դ.) հարձակումների ժամանակ այդ քարայրներում են ապաստանել շրջակա գյուղերի բնակիչները:

Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Այդ քարայրներից մի քանիսը նախատեսված են եղել մեկ ընտանիքի, մյուսները՝ մի քանի տասնյակ, իսկ ամենամեծը՝ մի քանի հարյուր մարդու համար:
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Այս քարայրների մեջ ամենամեծն ու ուշագրավն Աղավնու քարայրն է, որը տեղական խոսվածքում կոչվում է «Եղունիկի էր», այսինքն՝ աղավնու այր, որովհետև այստեղ թառելիս են եղել անթիվ վայրի աղավնիներ՝ եղունիկներ:
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Աղավնու քարայրը անտեսանելի է դրսից, որովհետև մուտքի պատը շարված է ժայռից հանված նույն կարմրագույն քարերից և միանգամայն ձուլված է նրա հետ: Դրա շեմից բացվում է Աղստևի ձորի համայնապատկերը, որի շնորհիվ ինքնապաշտպանության դիմածները լավ հնարավորություն են ունեցել հետևելու մոտեցող թշնամիներին:
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Իսկ այրը բնական խոռոչ է, որն ունի 35 մետր երկարություն, 4-6 մ բարձրություն, 6-8 մ լայնություն:
Քարանձավն ունեցել է երկու բնական մուտք: Հարավայինը, լինելով ձորի անդունդի վրա՝ որպես պատուհան և դեպի ձորը բացվող դիտակետ է ծառայել: Իսկ արևելյան մուտքը, որն ունի բավականին մեծ բացվածք, փակվել է 2 մետր հաստությամբ պատով: Ըստ ավանդազրույցի, շաղախն արվել է այստեղ քշված ոչխարների հոտի կաթով, ուստի կրաշաղախով կերտված պատից անհնար է թեկուզ մեկ տաշեղ պոկել: Մուտքն անհրաժեշտության դեպքում ներսից հուսալիորեն փակվել է փայտե սողնակներով, որոնց ծայրերը մտնելիս են եղել պատի մեջ:
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Ավանդազրույցը նաև հայտնում է, որ XIX դարում հմուտ հովիվները վատ եղանակներին իրենց հոտերը բերելիս են եղել քարայր, ուր տեղավորվել է մինչև 400 ոչխար: Այդ պարագայում այստեղ կարող էր ապաստանել մինչև 250 մարդ:
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը

Աղավնու քարայրի մուտքին կարող է մոտենալ տեղանքին քաջատեղյակ մարդը, այն էլ՝ հարավային կողմից, վերելքը սկսելով Մթնաձոր գետակի հատակից: