Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.

«Քաղհասարակության, գիտական շրջանակների արձագանքը Փաշինյանի ավտորիտար ձգտումներին պետք է լինի հստակ»․ Հայկ Խանումյան

83
Այսօր, 15:24
«Քաղհասարակության, գիտական շրջանակների արձագանքը Փաշինյանի ավտորիտար ձգտումներին պետք է լինի հստակ»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին ակադեմիական ազատության շուրջ ծավալված քննարկումները, մասնավորապես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին հրաժարականի պարտադրման արդարացումները տարբեր իշխանամետ գիտնականների կողմից հիշեցնում են մեկ այլ երկրի փորձը։ Վրաստանում տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության զգալի մասը և մտավորական շրջանակները պատրաստ էին աչք փակել Սահակաշվիլու իշխանության ավտորիտար միտումների վրա, որովհետև դրանք ներկայացվում էին որպես «պետական շահը», «անվտանգությունը» կամ «ազգային նպատակները» պաշտպանելու քայլեր։
Սակայն իրականությունը այլ կերպ զարգացավ։ Երբ իշխանության կենտրոնացումը, ընդդիմության նկատմամբ ճնշումները և պետական համակարգի քաղաքականացումը դարձան սովորական երևույթ, դրանց դեմ խոսող ձայները քիչ էին։ Քաղաքացիական հասարակության մի հատվածը կամ լռեց, կամ արդարացրեց այդ քայլերը՝ համարելով, որ դրանք «բարձր նպատակի» համար են արվում։
Այդ մթնոլորտը ստեղծեց մի վտանգավոր նախադեպ․ երբ հասարակությունը սովորում է արդարացնել իշխանության կոշտ կամ կամայական որոշումները, ժամանակի ընթացքում այդ գործիքները սկսում են օգտագործվել շատ ավելի լայն և շատ ավելի վտանգավոր ձևով։ Վրաստանի դեպքում դա ավարտվեց նրանով, որ իշխանության փոփոխությունից հետո երկիրը աստիճանաբար հայտնվեց նոր, ավելի խոր ավտորիտար համակարգի մեջ։
Պատմության այս դասը կարևոր է նաև Հայաստանի համար։ Եթե հանրային դիսկուրսում սկսենք հեշտությամբ ընդունել «պետական նպատակներով» բացատրվող կոշտ որոշումները, կամ չնկատենք ինստիտուտների նկատմամբ ճնշումները, ապա երկարաժամկետ հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան թվում է տվյալ պահին։
Ժողովրդավարությունը կորցվում է ոչ թե մեկ մեծ քայլով, այլ փոքր, հաճախ արդարացված թվացող քայլերի շարքով։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ քաղաքացիական հասարակությունը և մտավորականությունը պահպանեն սկզբունքային դիրք՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ում քաղաքական շահերին է դա համապատասխանում։
Սա հատկապես կարևոր է մեր օրերում, երբ Նիկոլ Փաշինյանի շուրջ, իր թիմում չկա գոնե մեկ հոգի, որ կարողանա թեկուզ կենցաղային հարցերի շուրջ հակադարձել վարչապետին։ Սա լուրջ մարտահրավեր է հայաստանյան հասարակության համար, մենք տեսել ենք, թե Փաշինյանի սպոնտան, չմտածված, իռացիոնալ որոշումները ինչ ողբերգական հետևանքների են հանգեցրել հայության համար։ Հետևաբար քաղաքացիական հասարակության, համալսարանական-գիտական շրջանակների արձագանքը Փաշինյանի ավտորիտար ձգտումներին պետք է լինի հստակ ու լսելի՝ փորձելով Հայաստանը հետ պահել ավտորիտարիզմի ճիրանները գլորվելուց»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան