Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ.

«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան

96
Այսօր, 18:00
«Ի՞նչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026թ․ մարտի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026թ․ հունվարի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։
Մենք վերսկսում ենք մեր ԴԻՏԱՐԿՈՒՄ-ների շարքը, որպեսզի մասնագիտական վերլուծության միջոցով բացահայտենք այն իրականությունը, որը հաճախ չի երևում պաշտոնական թվերի առաջին ընթերցումից։
Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունենում տնտեսության մեջ՝ թվերի ետևում, և ինչ կառուցվածքային խնդիրներ են թաքնված հրապարակվող ցուցանիշների տակ։
ԴԻՏԱՐԿՈՒՄ 1․ Տնտեսական ակտիվության 7․6% աճ․ թվերը խոսում են մեկ բան, կառուցվածքը՝ մեկ այլ
2026թ․ հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է +7․6%։ Թվերով՝ սա կարող է ներկայացվել որպես բավականին բարձր աճ։ Սակայն մակրոտնտեսական տվյալների համադրումը ցույց է տալիս, որ տնտեսության կառուցվածքը շարունակում է մնալ խոցելի և հակասական։
Մի կողմից՝ արդյունաբերությունն աճել է +10․6%, շինարարությունը՝ +18․7%, ծառայությունները՝ +7․4%։ Մյուս կողմից՝ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է –12․0%-ով, այդ թվում՝ արտահանումը՝ –13․5%, ներմուծումը՝ –11․2%։
2026թ․ հունվարին արդյունաբերական արտադրանքը աճել է 10․6%-ով։ Առաջին հայացքից սա կարող է ստեղծել արդյունաբերական վերականգնման տպավորություն։ Սակայն արդյունաբերության կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը դեռ չի նշանակում արտադրական համակարգի խորքային վերափոխում։
Հունվարին արդյունաբերության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 229.5 մլրդ դրամ։ Այդ ծավալի կառուցվածքը հետևյալն է․ մշակող արդյունաբերություն՝ 56.5%, հանքագործական արդյունաբերություն՝ 22.5%, էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու մատակարարում՝ 19.9%։
Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ արդյունաբերական աճի մեջ դեռ մեծ է հումքային և էներգետիկ հատվածների կշիռը, մինչդեռ բարձր արժեք ստեղծող տեխնոլոգիական արտադրության բաժինը մնում է սահմանափակ։
1️⃣ Հումքային հատվածը շարունակում է մնալ արդյունաբերության հիմնական շարժիչը
Հանքագործական արդյունաբերությունն աճել է 25․2%-ով, իսկ մետաղական հանքաքարի արդյունահանումը՝ 28․4%-ով։ Սա նշանակում է, որ արդյունաբերական աճի զգալի մասը կրկին գալիս է հումքային հատվածից։
Երբ արդյունաբերության աճը պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, տնտեսությունը շարունակում է կախված մնալ հումքային շուկաների տատանումներից և միջազգային գների փոփոխություններից։
2️⃣ Մշակող արդյունաբերության ներսում աճը խիստ անհամաչափ է
Մշակող արդյունաբերությունն ընդհանուրում աճել է 4․3%-ով։ Սակայն ենթաճյուղերի միջև պատկերը խիստ տարբեր է։
Աճ են արձանագրել՝ քիմիական արտադրությունը՝ 3.2 անգամ, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը՝ 2.9 անգամ, էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ 56․4%, դեղագործական արտադրությունը՝ 44․1%, կահույքի արտադրությունը՝ 75․9%։
Միաժամանակ անկում են արձանագրել՝ ոչ մետաղական հանքային արտադրատեսակները՝ –24․4%, թղթի արտադրությունը՝ –15․6%, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակները՝ –13․2%, ծխախոտային արտադրությունը՝ –3․5%։
Այսինքն՝ արդյունաբերության աճը համատարած չէ, այն ձևավորվում է մի քանի արագ աճող ուղղությունների հաշվին, մինչդեռ մի շարք ավանդական արտադրական ճյուղեր շարունակում են թուլանալ։
3️⃣ Էներգետիկ կառուցվածքը նույնպես խոցելի է
Հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 18․1%-ով և կազմել մոտ 1,085.7 մլն կՎտ․ժ։ Սակայն այդ աճի հիմնական աղբյուրը եղել են ջերմաէլեկտրակայանները, որոնց արտադրությունն աճել է 77․2%-ով։
Միևնույն ժամանակ հիդրոէլեկտրակայանների արտադրությունը նվազել է մինչև նախորդ տարվա հունվարի 48․7%-ը, իսկ ատոմային արտադրությունը մնացել է գրեթե անփոփոխ։
Այսինքն՝ արդյունաբերական ակտիվության էներգետիկ հիմքը այս պահին ավելի շատ կախված է ջերմային, այսինքն՝ ավելի ծախսատար և էներգակիրներից կախված արտադրությունից։
? Եզրակացություն
2026թ․ հունվարի արդյունաբերության 10․6% աճը թվերով դրական է, բայց դրա կառուցվածքը դեռ չի վկայում արդյունաբերական համակարգի խորքային վերափոխման մասին։
Աճը ձևավորվում է հումքային հատվածի բարձր տեմպերով, մշակող արդյունաբերության ներսում անհամաչափ շարժով և էներգետիկ համակարգի ավելի ծանր կառուցվածքով։
Այս պայմաններում արդյունաբերության աճը կարելի է դիտարկել որպես թվային աշխուժացում, բայց ոչ դեռ կայուն արդյունաբերական վերափոխման արդյունք։
❓ Հիմնական հարցը մնում է նույնը․ կարո՞ղ է տնտեսությունը երկարաժամկետ զարգանալ, եթե արդյունաբերության աճի հիմքում շարունակում են գերակշռել հումքային արտադրությունն ու էներգետիկ ծանր կառուցվածքը, ոչ թե տեխնոլոգիական վերափոխումը»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան