«Կարգալուծության դեպքում տեղի է ունենում ավելին, քան պարզապես իրավական սահմանափակումն է». Սամվել դպիր Գրիգորյան
39
Այսօր, 00:18
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՖԵՅՔ «ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՑ». ՆՐԱ ԱՐԱԾԸ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է. Կարգալույծներ Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոս) իր լծակից կարգալույծներ Ստեփանի (նախկին տ.Արամ) ու Արամայիսի (նախկին տ.Թադե) քայլերը տեղավորվում են երեք հարթություններում․ իրավական՝ եկեղեցական պաշտոնում վերականգնվելու համար դատարան դիմելը, բարոյական՝ Եկեղեցուն պատկանող սրբավայրերը զավթելը, բնակարանը, գույքը, շենք-շինությունները չվերադարձնելը և հոգևոր՝ որպես ֆեյք «հոգևորական» հանդես գալը։ Եկեք անդրադառնանք նրանց քայլերին հոգևոր տեսանկյունից․ 1. Ըստ Հայ Եկեղեցու վարդապետության և կանոնի կարգալույծ արվածը բոլորովին զրկվում է քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից, այսինքն՝ նա դառնում է սովորական աշխարհական։ 2. Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից, կարգալուծության դեպքում տեղի է ունենում ավելին, քան պարզապես իրավական սահմանափակում։ 3. Կարգալույծի մոտ օծումը կամ դրա հետ կապված շնորհը դադարում է գործել, քանի որ քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Անհնազանդ հոգևորականը եկեղեցական իշխանության կողմից զրկվելով կարգից, զրկվում է և դրանցից: 4. Կարգալույծը կտրվում է Խորհուրդների շնորհների աղբյուրից՝ Աստծուց, որը գործում է միայն Եկեղեցու Մարմնի միջոցով: 5. Կարգալույծի կատարված «խորհրդի» միջոցով չի փոխանցվում Սուրբ Հոգու շնորհը, որովհետև նա այլևս քահանա չէ, Եկեղեցու նվիրապետությունից դուրս է գործում և, համապատասխանաբար, Աստծո կամքից դուրս։ 6. Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «Պատարագ», «պսակ», «ձեռնադրություն», «թաղման» և «բժշուկթյան» կարգեր անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ, Սուրբ Խորհրդի անարգում։ 7. Կարգալույծի ձեռքով կատարված ցանկացած «արարողություն» հոգևոր տեսանկյունից ոչ միայն դատարկ է, այլ նաև խիստ վտանգավոր։ 8. Կարգալույծի ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, թե՛ հոգևոր և թե՛ միստիկ տեսանկյունից: 9. Եթե կարգալույծ արվելուց հետո քահանան համարձակվի շարունակել գործել որպես քահանա, ապա ըստ կանոնի նա ամբողջվին պետք է արտաքսվի եկեղեցուց, իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել։ 10. Մկրտությունը և պսակը վկայական տալ-չտալու հարց չէ։ Կարգալույծի կատարածի մեջ ծեսին հատուկ բացի արտաքին տեսանելի գործողություններից, որևէ աստվածային ծածուկ՝ անտեսանելի խորհուրդ չի կատարվում: Այսինքն՝ Սուրբ Հոգու ներգործությամբ մկրտության, պսակի իրական խորհուրդներ չեն կատարվում, երկնքում ոչինչ չի արձանագրվում, «պատարագի» ընթացքում նշխարն ու գինին Տեր Հիսուս Քրիստոսի Սրբարար ու Կենարար Մարմնին ու Արյանը չեն վերափոխվում։ 11. Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է: Օծումն անկրկնելի է, սակայն կարգալույծի դեպքում այն լուծվում («կապվում») է, դառնում անգործունյա։ Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է լուծում և դարձյալ վերականգնում, եթե ապաշխարությամբ վերադառնում է իր՝ Մայր Եկեղեցու գիրկ։ Քահանայական դրոշմը որպես հնարավորություն տեխնիկապես մնում է, և դա է պատճառը, որ ապաշխարող քահանային կրկնաձեռնադրություն չի արվում։ 12. Կարգալուծությունը միայն թղթի վրա մի գիր չէ, որը կարգալույծը կարող է չընդունել կամ անտեսել, այլ եկեղեցական իշխանության վճիռ, որով լուծվում է քահանայական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։ 13. Քահանայագործելու իրավունքը բխում է ձեռնադրության ժամանակ Աստծուց ստացած շնորհներից: Սա գրասենյակային թույլատվության հարց չէ, աշխատանքային հարաբերություն չէ և հետևաբար ենթակա չէ Եկեղեցուց դուրս որևէ աշխարհիկ կարգավորման։ 14. Կարգալուծությամբ վերցվում է այդ իրավունքը, քանի որ իրավունք ծնող աղբյուրը՝ ձեռնադրությամբ ստացված շնորհը, տվողի կողմից ետ է վերցվում: 15. «Լուծում» բառը նկարագրում է կարգալույծ քահանայի շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք։ 16. Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և հայհոյություն Սուրբ Հոգու դեմ: 17. Խաբեություն է նաև կարգալույծի կողմից խոստովանություն ընդունելով՝ մեղքերի թողություն տալն ու ապաշխարության կարգ նշանակելը։ Դրանք նույնպես անվավեր են։ 18. Կարգալույծն իրավունք չունի գտնվել եկեղեցու դասում, ավանդատներում, չասած էլ խորան բարձրանալ և եկեղեցական պարագաներին՝ սկիհին, մասնատուփին, մեռոնամանին, Ավետարանին ձեռքով դիպչել։ Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ։ 19. Կարգալույծն իրավունք չունի Ս․ Հաղորդություն բաշխել։ Դա նույնպես ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ է։ 20. Կարգալույծն իրավունք չունի հոգևորականի զգեստ հագնել, լանջախաչ կրել և այլն։ Դրանով նա միտումնավոր մոլորեցնում է մարդկանց։ 21. Կարգալույծի քահանայագործելու իմիտացիան պարզապես վարչական սխալ կամ կարգապահական խախտում չէ, այլ հոգևոր կեղծիք, որը գայթակղության մեջ է գցում մարդկանց և նենգաբար հարվածում Եկեղեցու նվիրապետության հիմքերին։ Սրանք ծանրագույն մեղքեր են։ 22. Կարգալույծները խաբում են պարզամիտ հավատացյալներին՝ նրանց մատուցելով «դատարկ բաժակ»։ Նրանք չեն փոխանցում Աստծո օրհնությունը, այլ մասնակից են դարձնում մոլորվածներին իրենց ըմբոստությանը։ 23. Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգուն անվանեց «Ճշմարտության Հոգի» (Յովհ 14:17): Իսկ կարգալույծը, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «Պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլ նաև ծանրագույն մեղք՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ (մանրամասները՝ տես մեկնաբանությունում)։ 24. Ճշմարտության Հոգու Անունն օգտագործել ստի և խաբեության մեջ՝ նշանակում է ուղղակիորեն հակառակվել Նրան։ Սա ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ է, որովհետև փորձ է արվում Սուրբ Հոգու շնորհները սեփական անձին վերագրել՝ մարդկանց մոլորեցնելու համար։ 25. Եկեղեցական խորհուրդները (Մկրտություն, Պսակ, Ս.Հաղորդություն) կատարվում են Սուրբ Հոգու էջքով և ներգործությամբ։ Բայց այդ շնորհը տրվում է Եկեղեցու միջոցով՝ Առաքելական հաջորդականությամբ, որից զրկվում են կարգալույծները: 26. Երբ մարդը կտրվում է այդ հաջորդականությունից (կարգալույծ է լինում), նրա ձեռքերից վերանում է խորհուրդներ կատարելու իշխանությունը։ 27. Շարունակելով կատարել այդ արարողությունները՝ նա փորձում է «գողանալ» Աստծո շնորհը (ինչն իհարկե անհնար է) կամ նմանակել այն։ Սա վկայում է այն մասին, որ կարգալույծը գիտակցված չարիքի մեջ է հաստատվել: 28. Աստվածաշունչը վկայում է, թե ինչպես է չար ոգին Աստծո շնորհը չունեցողի, բայց դիվահալածության փորձ անողի վրա հոխորտում․ «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք» (Գործք 19:15): 29. Անվավեր «Պատարագ» մատուցելով կարգալույծները մարդկանց փրկության փոխարեն դատապարտություն են հրամցնում: 30. Կարգալույծի հանդես գալը որպես ֆեյք «հոգևորական» ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ և ժողովրդի խաբեություն։ Նա վերածվում է «ոչխարի զգեստով հափշտակող գայլի» (Մատթ 7:15), ով հոտին առաջնորդում է դեպի հոգևոր կործանում։ 31. Կարգալույծը, խաբելով հավատացյալին, նրան զրկում է իրական Ս․Հաղորդությունից։ Մարդը կարծում է, թե ստացավ Քրիստոսի Մարմինը, բայց իրականում ստացավ պարզապես հաց ու գինի՝ մատուցված մի ապստամբ սրբապիղծի կողմից։ Սա հոգևոր թույնով շարունակական սպանություն է, իսկ Սուրբ Հոգին Կյանք տվողն է։ Կյանքի փոխարեն կեղծիք ու խաբեություն մատուցելը հակառակություն է Սուրբ Հոգուն։ 32. Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը աններելի է համարվում այն պատճառով, որ մարդը գիտակցաբար մերժում է ճշմարտությունը և փակում ապաշխարության դուռը։ Եթե Արմանը, Ստեփանը, Արամայիսը կամ մյուսները գիտեն, որ իրենք կարգալույծ են, բայց շարունակում են ձևացնել, թե «հոգևորական» են, նրանք գտնվում են հաստատուն չարության մեջ։ 33. Կարգալույծն այլևս չի լսում Սուրբ Հոգու ձայնը, որը կանչում է զղջման, այլ լսում է իր հպարտությամբ սնվող չարի կողմից խրախուսվող «ես»-ի հրամանները միայն։ Այս վիճակում մնալը հենց այն աններելի վիճակն է, որի մասին զգուշացրել է Տերը։ Այսպիսով, Արմանը, Ստեփանը, Արամայիսը և մյուս կարգալույծները, եթե ցավալիորոն մինչ այժմ չգիտեին, ապա պետք է վերջապես հասկանան, որ քահանայագործությունը աշխատանք չէ, այլ Աստծո շնորհ՝ փոխանցված եկեղեցական իշխանության կողմից ձեռնադրության խորհրդի միջոցով։ Նույն իշխանությամբ դրանից զրկվելը ոչ մի կերպ չի կարող վերականգնվել դատավորի որոշմամբ։ Իրենց ֆեյք քահանայի կերպարի մեջ մնալը և եկեղեցու խորհուրդներ կատարելու իմիտացիան ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ է, հոգևոր վտանգ մարդկանց համար։ Այս ամենին օժանդակելը դատական իշխանության կողմից նշանակում է նպաստել նրանց կողմից շարունակական ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆ իրականացմանը»։