Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.

«Կարևոր է լինելու, թե ինչ տեքստ է ասելու ՀՀ վարչապետն Ապրիլի 24-ին»․ Թաթուլ Հակոբյան

95
Այսօր, 09:36
«Կարևոր է լինելու, թե ինչ տեքստ է ասելու ՀՀ վարչապետն Ապրիլի 24-ին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման և մեր երկրի ապաշրջափակման հարցում Անկարան շարունակում է նայել դեպի Բաքու:
Երևան-Անկարա շարունակվող երկխոսության, ինչու ոչ՝ կառավարությունների միջև որոշակի ջեմացման հարցում Բաքվից զատ կարևոր է լինելու նաև, թե ինչ տեքստ է ասելու Հայաստանի վարչապետը Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով:
Կնիքների վրայից Արարատ սարի հեռացումը, Արաքսից այն կողմ Հայաստան չլինելու հրապարակային պնդումը, Սահմանադրությունից, ավելի ճիշտ՝ Անկախության Հռչակագրից Արևմտյան Հայաստան և Հայոց ցեղասպանություն խոսույթի վերանայման սպասվող խոստումները դեռ բավարար չեն լինելու թուրքերի համար:
Նրանք հավանաբար սպասելու են նաև, թե ինչ տեքստ է ասելու առաջիկա ապրիլին վարչապետ Փաշինյանը:
Երկրի ղեկավարի առաջին Ապրիլի 24-յան ուղերձը, որ եղել է 2019 թվականին, եղել է հետևյալը.
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։
Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան