«Մեր օրերում իր գործից լավ հասկացող մասնագետ դժվար է գտնել»․ Նաիրի Հոխիկյան
53
Այսօր, 01:06
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2 տարի առաջ ձեռք բերեցի հոսանքի բենզինային մեծ գեներատոր՝ իմ տանը այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուր ունենալու համար, իսկական գլխացավանք դարձավ այդ սարքավորումը ավտոմատացված համակարգով տանս էլցանցին միացնելը։ Մոտ երկու տասնյակ տարբեր էլեկտրիկների հետ անընդհատ շփվեցի, որոնցից ամեն մեկը մի «հանճարեղ» առաջարկ էր անում՝ սկսած 200-300 հազար դրամ արժեցող ավտոմատ անջատիչների սենյակ սարքելուց մինչև գեներատորից ընդհանրապես հրաժարվել։ Երկու տարի շարունակ չէի կարողանում մեր երկրում գտնել այնպիսի էլեկտրիկի, որը հաղորդալարերի -/+-ից ու վարդակները փոխելուց բացի՝ այլ հմտության տիրապետեր։ Շատերն աշխատում էին Հայաստանի խոշորագույն մի շարք ընկերություններում՝ որպես գլխավոր մասնագետներ, բայց ցավոք, իմ հանդիպած բազմաթիվ էլեկտրիկներից ոչ ոք չցուցաբերեց այդ մասնագիտացման ստեղծագործական մոտեցում։ Ոչ մի գաղափար, միայն ստանդարտ քայլեր՝ միաժամանակ իմ ուզած իրականում շատ հասարակ բանը ներկայացնում էին որպես տիեզերական մասշտաբի դժվար, լինելու դեպքում էլ անսահման թանկարժեք գործ, որի համար դրսից մասնագիտական խումբ պետք է հրավիրել։ Փոսն ըննկած մարդու նման ուրիշներից ճոպանի չսպասելով՝ ստիպված կրկին հույսս ինձ վրա դրեցի և սկսեցի ուսումնասիրել էլեկտրաէներգիայի հետ կապված նյութեր ու մի քանի օրում գտա շատ պարզ լուծումը։ Wildberries-ից 9,000 դրամով ձեռք բերեցի էլեկտրականության աղբյուրների ավտոմատ փոխարկիչ, ցանցում ավելացրի 3 հատ ավտոմատ անջատիչ (3000 դրամ), մնացած միացումները սեփական ձեռքերով արեցի ու ստացա կայուն աշխատող համակարգ՝ հոսանքի հիմնական ու այլընտրանքային (արևային կայան, բենզինային գեներատոր) աղբյուրներով։ Մեր օրերում իր գործից լավ հասկացող մասնագետ դժվար է գտնել, իսկ եղածներն էլ հաճախ աստղաբաշխական փողեր են պահանջում ծառայության համար՝ օգտվելով առիթից։ Մենք էլ սխալմամբ մեր ամբողջ հույսը դնում ենք այնպիսի մարդկանց վրա, որոնք անհույս են նույնիսկ իրենց ընտանիքների համար և չունեն նվազագույն գիտելիք։ Այնինչ կարևոր է անձամբ փնտրել ու գտնել նոր գիտելիքներ, նոր փորձ ձեռք բերել ու սեփական տրամաբանությամբ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել։ Ինչպես սիրում է ասել մեր երկրի ամենահաջողակ և ստեղծագործող գործարարներից մեկը, եղած խնդիրների գաղափարական լուծումներով շաբաթ եմ մաղթում»։