Երևան`   -5 °C
Այսօր`   Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.

«Իշխանությունն ընտրությունները վերածում է վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով»․ Սուրեն Սուրենյանց

89
Այսօր, 17:48
«Իշխանությունն ընտրությունները վերածում է վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ է ընդունել Ընտրական օրենսգրքում՝ ուղղված ընտրությունների դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակմանը։
Ըստ նոր կարգավորման՝ ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում՝ առանց հանրային կամ մասնագիտական քննարկումների, ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ։ Այս գործելակերպը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն նախաձեռնության բովանդակության, այլև դրա ընդունման լեգիտիմության և իրական նպատակների շուրջ։
Ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակագրությունը բացահայտորեն հակասում է միջազգային ընդունված մոտեցումներին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ընտրական օրենսդրության հիմնարար փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների համար խաղի կանոնները լինեն կանխատեսելի, կայուն և հավասար։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղեցույցներում, որտեղ շեշտվում է, որ վերջին պահին ընդունված փոփոխությունները խաթարում են ընտրական վստահությունը և կարող են դիտվել որպես վարչական միջամտության գործիք։
Այս դեպքում փոփոխությունները ոչ միայն կատարվել են չափազանց ուշ, այլև՝ հապշտապ՝ շրջանցելով հանրային և մասնագիտական քննարկումների ինստիտուտը։ Սա ընտրական իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկային գործելակերպ է և վկայում է ոչ թե համակարգի կատարելագործման, այլ վերահսկողության խստացման նպատակների մասին։ Այս ամենը կարող է ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, հատկապես եթե ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը շարունակեն քննադատել դրանք որպես հակաժողովրդավարական:
Առանձնակի մտահոգիչ է դիտորդական կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության պահանջի կիրառման տրամաբանությունը։ Եթե այդ չափանիշը չունի հստակ իրավական սահմանումներ, այն վերածվում է սուբյեկտիվ գնահատման և կամայական կիրառման գործիքի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիտորդական առաքելությունների հիմնական գործառույթը ընտրական խախտումների արձանագրումն է, դրանց հրապարակային ներկայացումը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Եթե դիտորդի կողմից խախտման մասին բարձրաձայնումը կարող է որակվել որպես քաղաքական դիրքորոշում, ապա դիտորդական ինստիտուտը փաստացի զրկվում է իր բովանդակային էությունից։
Ձևավորվում է ֆիլտրող մեխանիզմ, որի նպատակը ոչ թե ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացումն է, այլ հանրային վերահսկողության թուլացումը։
Դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը լոկալ քայլ չէ։ Այն տեղավորվում է ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ՝ քաղաքական կալանավորումների և ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման խորացում, սոցիալական արդարության սկզբունքների հետ անհամատեղելի պարգևավճարների ցուցադրական բաշխում, պետական և վարչական ապարատի աճող քաղաքական մոբիլիզացիա։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ թե որպես հանրային վստահության վերականգնման կամ քաղաքական մրցակցության միջոց, այլ որպես կառավարվող և վերահսկվող գործընթաց։
Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առաջիկա ընտրություններում հանրության աջակցության վրա չի հենվում։ Ընտրությունների նկատմամբ վստահության փոխարեն շեշտը դրվում է վարչական լծակների, վերահսկողության սահմանափակման և բյուրոկրատական միջամտության վրա։ Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ հասարակության աջակցությանը, չէր սահմանափակի անկախ դիտորդներին, չէր փոխի ընտրական կանոնները վերջին պահին և չէր խուսափի հանրային ու մասնագիտական քննարկումներից։
Այն իշխանությունը, որը չի վստահում սեփական հասարակությանը, ընտրությունները վերածում է ոչ թե օրինական ժողովրդավարական մրցակցության, այլ վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով»: