Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.

«Մենք պարտավոր ենք Վենսի այցից ստանալ առավելագույնը». Արման Բաբաջանյան

86
Երեկ, 22:36
«Մենք պարտավոր ենք Վենսի այցից ստանալ առավելագույնը». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես հայտնել էի դեկտեմբերի վերջին, այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ փետրվարին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու է Հայաստան։
Նախօրեին Դավոսում կայացած Թրամփ-Ալիև հանդիպումից ԱՄՆ-ի նախագահը նշում է, որ փոխնախագահ Վենսը կայցելի տարածաշրջան՝ ներկայացնելով է իր գնահատականը և առաջիկա քայլերը Հարավային Կովկասում։
Իր գրառման մեջ Թրամփը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար՝ ընդգծելով, որ դա «դաժան պատերազմ» էր, որն իր գնահատմամբ ավարտված է, և որ այժմ տարածաշրջանում օրակարգը պետք է լինի ոչ թե պատերազմը, այլ «բարգավաճումն ու խաղաղությունը»։
Նա նաև բառացի նշում է, որ փետրվարին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան՝ խաղաղության ջանքերը շարունակելու և առաջ տանելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին»՝ TRIPP-ը։ Նույն գրառման մեջ Թրամփը հստակ ձևակերպում է, որ Հայաստանի հետ նախատեսվում է «խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր», ինչպես նաև տնտեսական ուղղություններ՝ ներառյալ ամերիկյան կիսահաղորդիչների արտադրողների հետ գործարքներ։
Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները տեղափոխելու շատ ավելի կոնկրետ արդյունքների դաշտ՝ անվտանգություն, էներգետիկա, տեխնոլոգիա, ներդրումներ և տարածաշրջանային հաղորդակցություններ։ Մենք պարտավոր ենք Վենսի այցից ստանալ առավելագույնը՝ հստակ ազգային օրակարգով, չափելի խնդիրներով ու լուծումներով, և մեր շահերի իրական պաշտպանությամբ։
ԱՄՆ-ն տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին։ Հայաստանը, ևս պետք է ունենա իրական հնարավորություն՝ ձեռք բերելու ժամանակակից պաշտպանական միջոցներ և տեխնոլոգիաներ՝ մեր բանակի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար։
Հայաստանի առաջադրանքը մեկն է՝ ամերիկյան քաղաքական ազդակը արագ փոխարկել հստակ պայմանավորվածությունների, պայմանավորվածությունները՝ կիրառելի գործիքների, իսկ գործիքները՝ իրական պաշտպանունակության, տնտեսական շնչառության և կայուն զարգացման»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան