Երևան`   -9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ.

«Կե՞րաք ժողովրդավարությունը, դե անուշ լինի․․․». Մարգարիտ Եսայան

56
Այսօր, 00:24
«Կե՞րաք ժողովրդավարությունը, դե անուշ լինի․․․». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդավարություն-Դեմոկրատիա
Ի՞նչ է դա և ինչպե՞ս և ումո՞վ կերան
Մեր վիճակը բոլոր առումներով է օրհասական և խառնիխուռն։ 8 և ավելի տարիներ առաջ մենք մեր գործերով, ապրածով փորձում էինք հավասարվել, մոտ լինել եվրոպական արժեհամակարգին, մեզ դուր էին գալիս մեր եվրոպացի գործընկերները, նրանց հետ հանդիպումներից ինչ-որ բան էինք սովորում և ամեն կերպ փորձում էինք ինքներս մեզ տեղավորել հենց այդ եվրոպական արժեքների մեջ։
Ես և իմ ընկերներից շատերը, լինելով իշխանության մասնիկ, անկեղծորեն և պարզ քննադատում էինք նույն այդ իշխանության այս կամ այն սխալը, որոշ դեպքերում ոչ դեմոկրատական պահվածը։ Ունեինք ընկերներ, որ ավելի սերտ էին եվրոպական կառույցների հետ, գնում-գալիս էին, սեմինարներ, քննարկումներ էին կազմակերպում և այստեղ, և դրսում։ Մենք մեզ զգում էինք եվրոպական ընտանիքի մաս կամ գոնե թվում էր՝ շուտով մաս դառնալու ճանապարհին էինք։
2018-ից ի վեր ամեն ինչ շուռ եկավ, էն ամեն ինչը, որ տեղի ունեցավ և տեղի է ունենում ցայսօր՝ բոլոր իրավական, միջազգային, համամարդկային նորմերով դեմ է հենց ժողովրդավարությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, թե դատաիրավական, թե պառլամենտական, թե կառավարման ամենատարբեր օղակներում, թե մարդկային պարզ շփումներում, իրական ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի։ Եվ ցավալի է, որ մեր նույն այդ ընկերներից շատերը կամ ընկեր թվացողներից շատերն այսօր այդ ամենը չեն տեսնում, չեն տեսում դատական համակարգի ծառայամիտ կեցվածքը, չեն տեսնում քաղաքական խոսքի, այլախոհության համար անազատության մեջ պահվող մարդկանց վիճակը, չեն տեսնում Նարեկ Սամսոնյանի արդեն գրեթե երկշաբաթյա վտանգավոր հացադուլը, չեն տեսնում ՄԻՊ-ի և այլոց քար անտարբերությունը։ Չշարունակեմ։ Ոչ միայն չեն տեսնում, այլ, որ ավելի զարհուրելի է՝ պաշտպանում են այս իշխանության բոլոր հակաժողովրդական քայլերը, բոլոր բռնապետական գործողությունները, բոլոր վայրագությունները, որ ակնհայտորեն ընդդեմ մարդու իրավունքների են, օրենքի առաջ բոլորի հավասար լինելու սահմանադրական նորմին հակասող, եկեղեցի-պետություն այս զզվելի աջափսանդալին իրական սահմանադրական գնահատական, դատապարտում չեն հնչեցնում։ Հակառակը՝ երբեմնի «եվրոպական» տղաներն ու աղջիկները հիմա՝ տարիքն առած, այսօր անգամ հարցազրույցներ են տալիս և կրծքով պաշտպանում են բռնապետության հաղթարշավը մեր երկրում։ Եվ երբ դրանցից մեկ-երկուսին թվում է, գլուխ են գովում, թե իրենց այդ «գռանտ» կոչվածը նետել են, որովհետև իրենք խելոք էին, խորապես թաքցնում են, չեն ուզում խոստովանել այն, որ իրենք ոչ թե խելոք էին՝ այլ պատրաստ էին դրա դիմաց էսօր լինել այնպիսին, ինչպիսին են։ Կե՞րաք ժողովրդավարությունը, դե անուշ լինի․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան