Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հոտևողականորեն». Դավիթ Անանյան

114
Այսօր, 09:48
«Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հոտևողականորեն». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. |Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է
Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ ծանր կարգապահական հիմքերով։ Սա Եկեղեցու կանոնական իրավազորության հարց է։
Սակայն դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ փորձեց այդ որոշումը «չեղարկել»՝ փաստացի հռչակելով, որ Հայրապետական տնօրինությունն ուժ չունի, իսկ պաշտոնանկ եղած հոգևորականը շարունակում է լինել թեմի առաջնորդ։
Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ բռնազավթման փորձ է՝ Եկեղեցու դեմ։
Երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը. նա խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։
Այսինքն՝ սա այն պահն է, երբ Փաշինյանը գնում է վաբանկ։
Քաոսը՝ որպես քարոզարշավի մեթոդ
Բայց ամենակարևորը նույնիսկ դա չէ։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական գործելաոճը տարիներ շարունակ հիմնված է եղել մի պարզ սխեմայի վրա․ քաոս ստեղծել, հասարակությանը բևեռացնել, երկիրը պահել մշտական լարվածության մեջ, և այդ խառնաշփոթի մեջ ներկայանալ որպես «անփոխարինելի ղեկավար»։
Այսպես նա կառուցել է իր քաղաքական կապիտալը։ Այսպես է նա վերարտադրվել։ Եվ այսօր՝ ընտրություններից առաջ, նա այդ մեթոդը հասցնում է առավել վտանգավոր մակարդակի։ Որովհետև հիմա թիրախավորված է ոչ թե հերթական խումբը կամ անհատը, այլ՝ Հայաստանի ազգային ինստիտուցիոնալ վերջին կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։
ՀԱԵ-ն պետք է «մասնատել-խորտակել-խամաճիկացնել»
Եկեղեցու դեմ այս գործընթացը պատահական չէ, և ամենևին էլ «բարեփոխում» չէ։ Սա ծրագիր է՝ Եկեղեցին ներսից մասնատել, հեղինակազրկել, խորտակել իր համախմբող դերը, և ի վերջո դարձնել քաղաքականապես կառավարվող խամաճիկային կառույց։
Նիկոլ Փաշինյանը չի շտապելու «միանգամից լուծել հարցը»։ Նա, հակառակը, այս գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հետևողականորեն։ Նա կաշխատի Եկեղեցու ներսում ձևավորել և մեծացնել իր «աջակիցների բազան»՝ համալրելով տիրադավների «բանակը» և ստեղծելով հովանավորվող խմբեր ու «նոր առաջնորդներ»։ Սա արվելու է նույն մեթոդով, որով տարիներ շարունակ իրականացվել է պետական ինստիտուտների ապամոնտաժումը՝ բաժանիր, թուլացրու, կախվածություն ստեղծիր, վերահսկիր։
Եվ այո՝ սա նաև արտաքին օրակարգերի սպասարկում է
Պետք չէ միամտանալ․ ազգային ինստիտուտների քանդումը միայն ներքաղաքական շարժառիթով չէ։ Երբ քանդվում է ինքնության առանցքը՝ քանդվում է նաև դիմադրողականությունը, և երկիրը դառնում է ավելի հեշտ կառավարելի՝ արտաքին ճնշումների ու պարտադրանքների ներքո։
ՀԱԵ-ի հարցում պետք է լինի միասնական աջակցություն
Այս իրավիճակում կա մեկ պարզ ճշմարտություն․ իրական ընդդիմադիր ուժերը, անկախ այն հանգամանքից՝ գաղափարական առումով կգնան կոնսոլիդացիայի, թե ոչ, պարտավոր են ՀԱԵ-ի հարցում հանդես գալ միասնական սատարող հայտարարությամբ։
Սա այլևս միայն եկեղեցական հարց չէ։ Սա սահմանադրական կարգի, իրավական համակարգի և ազգային անվտանգության հարց է»:

Աղբյուրը`   Դավիթ Անանյան