«Ռուսաստանից լսվող վայնասունը Վենեսուելայի հարցում արժեք չունի»․ Արման Բաբաջանյան
93
Երեկ, 11:24
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վենեսուելայի շուրջ վերջին զարգացումները Հայաստանի համար ամբողջական դաս է՝ ինչպես է աշխատում մեծ քաղաքականությունը: ԱՄՆ-ի քայլերը պետք է դիտարկել որպես «խաղաղություն՝ ուժի միջոցով» քաղաքականության գործնական իրագործում՝ զսպման հստակ մեխանիզմով և անպատժելիության պատրանքը փշրելու տրամաբանությամբ։ Երբ վտանգը չի սահմանափակվում երկրի ներսում, այլ սկսում է արտահանվել՝ նարկոթրաֆիքի, ստվերային տնտեսության, ապօրինի հոսքերի և մրցակիցների ազդեցության ամրապնդման միջոցով, գերտերությունները վերջում գործում են կտրուկ ու վճռական․ որովհետև այդ տարածքը նրանց համար այլևս «արտաքին» չէ, այլ ազգային անվտանգության անմիջական սահմանագիծ ու ռիսկային գոտի։ Վենեսուելան տարիներով հասել էր այն հանգրվանին, որտեղ ռեժիմը պահպանվում էր ոչ թե ընտրություններով ու մանդատով, այլ ուժով, վախով և արտաքին հովանավորությունների հաշվին։ Սա հենց այն սահմանագիծն է, որտեղ ժողովրդավարությունը դադարում է լինել գեղեցիկ արժեքային բառ ու վերածվում է անվտանգության գործիքի․ երբ իշխանությունը զրկված է ժողովրդավարական լեգիտիմությունից, պետությունը կորցնում է սուբյեկտայնությունը և հայտնվում է ուրիշների շահերի ու հաշվարկների դաշտում։ Այդ պահից սկսած երկրի ներսում ցանկացած ճգնաժամ հեշտությամբ դառնում է արտաքին ուժերի խաղի գործիք ու մաս։ Ահա թե ինչու ԱՄՆ-ը Վենեսուելային չի ընկալում միայն որպես «Մադուրոյի հարց»․ այն տեսնում է մի տարածք, որտեղ մրցակիցները կարող են ամրանալ իր անմիջական հարևանությամբ՝ տնտեսական լծակներով, տեղեկատվական, հետախուզական ազդեցությամբ, ստվերային ֆինանսներով, և անհրաժեշտ պահին՝ նաև անվտանգային ռիսկերի տեղափոխմամբ։ Ռուսաստանից լսվող վայնասունը Վենեսուելայի հարցում արժեք չունի։ Երբ իրենց ձեռնտու է՝ խոսում են «միջազգային իրավունքից», երբ ձեռնտու չէ՝ հենց իրենք են ոտնահարում այն։ Երբ ասում են «դաշնակից»՝ իրականում նկատի ունեն կախվածություն, ոչ թե պաշտպանություն։ Եվ երբ ճնշումը դառնում է իրական ու անմիջական, Մոսկվայի «աջակցությունը» սովորաբար ավարտվում է հայտարարություններով ու արդարացումներով՝ թե ինչու չստացվեց աջակցել դաշնակցին։ Մադուրոն Ալիևի մերձավոր գործընկերն էր, և սա ավտորիտար ռեժիմների համատեղ ինքնալեգիտիմացման մասին է․ նրանք աջակցում են իրար, որովհետև իրենց ներքին լեգիտիմությունը թույլ է, և արտաքին «ընկերությունը» փոխարինում է ժողովրդավարական մանդատին։ Բայց աշխարհը չի ղեկավարվում ռեժիմների ընկերությամբ․ աշխարհը ղեկավարվում է ուժի և կանոնների բախումով։ Այդ պատճառով ավտոկրատների այդ ցանցը լավ է լուսանկարի համար, բայց ճգնաժամի պահին չի դառնում վահան։ Իրանը Վենեսուելայի պատմության մեջ երևում է ոչ թե որպես գաղափարական «դաշնակից», այլ որպես պատժամիջոցների շրջանցման և ստվերային կապերի սառը հաշվարկ. երբ պետությունը ներքաշվում է այդ միջավայրի մեջ, այն ինքն իրեն դարձնում է թիրախ՝ որովհետև սկսում է խաղալ այն հարթակում, որտեղ օրենքը փոխարինվում է գործարքով։ Իսկ գործարքի աշխարհում պաշտպանությունը միշտ պայմանական է, իսկ հարվածը՝ միշտ հնարավոր ու մոտ։ Չինաստանի չափումը մեզ համար ամենասթափեցնողն է։ Չինաստանը կարող է լինել մեծ տնտեսական գործընկեր, բայց «ռազմավարական գործընկերության» գաղափարը Հայաստանի նման փոքր երկրների համար հաճախ մոլորություն է․ երբ ռիսկը բարձրանում է, «ռազմավարականը» արագորեն վերածվում է վերադասավորման։ Սա ուղիղ դաս է Հայաստանին․ մենք չենք կարող մեր անվտանգությունը հանձնել որևէ մեկի տնտեսական շահի տրամաբանությանը՝ լինի դա Չինաստանը, թե մեկ այլ երկիր։ Անվտանգությունը կառուցվում է պարտավորություն ունեցող գործընկերություններով և սեփական պետական դիմադրունակությամբ։ Այս համատեքստում Վենեսուելայում ԱՄՆ-ի այսօրվա՝ երեք ժամ տևած ռազմական գործողության շուրջ կարելի է վիճել իրավական նրբությունների վրա, բայց քաղաքական-ռացիոնալ տրամաբանությունը պարզ է․ ԱՄՆ-ը փորձում է կոտրել անպատժելիությունը, փակել ստվերային ֆինանսավորման ու ազդեցության խողովակները և պարտադրել քաղաքական հանգուցալուծում այն պահին, երբ ընտրություններով փոփոխության ճանապարհը փաստացի փակված է։ Սա է «խաղաղություն՝ ուժի միջոցով» սկզբունքի բուն իմաստը․ ուժը ոչ թե նպատակ է, այլ զսպման գործիք՝ որպեսզի վաղը չսկսվի ավելի մեծ պատերազմ, ավելի մեծ միգրացիոն ճգնաժամ ու ավելի լայն հանցավոր ցանց։ Հայաստանի գլխավոր հետևությունը սա է․ երբ պետությունը կորցնում է լեգիտիմությունը, նա դառնում է պլացդարմ, իսկ պլացդարմների ճակատագիրը վերջում որոշում են ուրիշները։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է կառուցենք պետություն, որը ոչ մեկի ձեռքին գործիք չի դառնում: Վենեսուելան հիշեցնում է ամենակարևորը՝ խաղաղությունը չի պահվում մաղթանքներով․ այն պահվում է ներքին լեգիտիմությամբ և ուժեղ պետությամբ»։