Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Հնարավոր չէ՞ ընդունել «խաղաղություն դրսում, խաղաղություն ներսում» քաղաքականությունը». Թաթուլ Հակոբյան

68
Այսօր, 17:24
«Հնարավոր չէ՞ ընդունել «խաղաղություն դրսում, խաղաղություն ներսում» քաղաքականությունը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետ Փաշինյանի և ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը կարելի է անվանել նաև «հաշտ և խաղաղ հարևանություն»: Մի կողմ եմ թողնում, որ դա պարտության ու անել վիճակի արդյունք է: Ի վերջո, շատ դեպքերում, դիվանագիտությունը ոչ թե ցանկալիի, այլ տվյալ պահին հնարավորի քաղաքականություն է:
Մեր իշխանությունները պատրաստ են հաշտվել մեր երկու հարևանների հետ: Թե ինչ գնով, դա էլ եմ թողնում մի կողմ և ուզում եմ հետևյալ հարցը տալ:
Իսկ հնարավոր չէ՞ ընդունել «խաղաղություն դրսում, խաղաղություն ներսում» քաղաքականությունը, այն է՝ հաշտություն գտնել ոչ միայն հարևանների, այլ մեր ժողովրդի մի մեծ հատվածի և մեր ընդդիմության հետ:
Անմիջապես հարց եք տալու՝ իսկ մեր ընդդիմությունը հաշտություն ու խաղաղություն ուզո՞ւմ է ներսում, իսկ ինչո՞ւ եք մոռանում ռուսական հիբրիդային պատերազմը:
Սա նման է այն հարցին, թե ո՞վ առաջինը կրակեց, ո՞վ սկսեց պատերազմը: Անկհայտ է, որ Փաշինյանն ու թիմը հակված չեն այնպիսի բառապաշար օգտագործել մեր ընդդիմության հասցեին և նրանց հետ հրապարակային շփումներում, ինչպիսին օգտագործում են հարևան պետության նախագահների հետ:
Դուք պատկերացնո՞ւմ եք այն բառապաշարը, որ մեր իշխանություններն օգտագործում են Քոչարյանի, Սերժի, Լևոնի, Կարապետյանի և մյուսների հասցեին, օգտագործեն Էրդողանի և Ալիևի հասցեին:
Այն անդաստիարակ ու ամոթալի բառապաշարը, որ օգտագործում են մեր հոգևոր հայրերի նկատմամբ, օգտագործեն Փաշազադեի կամ սուննի թուրք հոգևորական հասցեին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան