Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել». Սուրեն Սուրենյանց

175
Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 23:12
«Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր «մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։
2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում «խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր՝ որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։
Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։
Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։
Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։
«Խաղաղությունը» սահմանվում է՝ որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։
Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։
Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։
Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ (այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։
Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։
Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է «խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։
Եթե «խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։
Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլ փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով»: