Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

«Թոշակառուներին ալեկոծել է Նիկոլի ելույթը»․ Սևակ Հակոբյան

74
Այսօր, 13:18
«Թոշակառուներին ալեկոծել է Նիկոլի ելույթը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ ասում, որ մեր երկրում հերոսը ոչ թե զինվորն է, ոչ թե ուսուցիչն է, ոչ թե թոշակառուն է, ոչ թե գեներալն է, այլ հարկատուն։ Այդ հարցի պատասխաններից մեկը թաքնված է վերջին օրերի իրադարձություններում․ հարկատուն մեռնում է աշխատելով՝ ՔՊ-ականների փորը պահելու համար։ Իրոք հերոս է հարկատուն, որը առավոտից իրիկուն հարկեր է մուծում, որ ՔՊ-ն ստանա մի քանի միլիոն դրամ պարգևավճար ու չի հարցնում՝ իմ հարկերի հետ էս ոնց եք վարվում։ Փոքր բիզնեսմենը բողոքում էր, որ անհիմն տուգանել են իրեն 20 մլն դրամով, իր գործընկերոջը՝ 18 մլն դրամով։ Մի քանի գործարարի անհիմն տուգանել են, որ Նիկոլն ու փոխվարչապետները ստանան ուշադրություն՝ 51,6 մլն դրամ պարգևավճար։ 136 հազար դոլար պարգևավճար են ստացել։
Նիկոլն ասում է՝ մենք պարգևատրվել ենք թոշակառուի համար, որովհետև նրանց համար ենք աշխատում։ Թոշակ չի բարձրացրել, բայց միայն Նիկոլն ու տեղակալները ստացել են 51,6 մլն դրամ պարգևավճար․ այսինքն՝ նրանք ստացել են միանգամից թոշակառուի 119 տարվա թոշակը։ Թոշակ չբարձրացրած վարչապետն ու տեղակալները ստանում են թոշակառուի 119 տարվա թոշակը միանգամից։ Նիկոլն ու տեղակալները ստացել են ՀՀ սահման պահողի 36 տարվա աշխատավարձը միանգամից։ Ստացել են ուսուցչի 51 տարվա աշխատավարձը միանգամից։
Երբ դա պատգամավոր էր, ասում էր՝ ես ո՞նց կողմ լինեմ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացմանը․ երբ իմ ուսուցիչը ինձ հանդիպի, ո՞նց նայեմ նրա աչքերին։ Այսօր վարչապետ Նիկոլի ձեռքի տակ է ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը․ բայց ինքը, իր երկու տեղակալները ստացել են ուսուցչի ամբողջ ստեղծագործական կյանքի՝ 50 տարվա աշխատավարձի չափ պարգևավճար։
Քանի տարի է մարդ սովորաբար աշխատում՝ մինչև թոշակի գնալը։ Մոտ 50 տարի։ Հայաստանում, իհարկե, թոշակի տարիքում էլ են աշխատում, որ թոշակի հետ միասին մի կերպ գլուխը պահեն։ Էս մարդիկ՝ միայն Նիկոլն ու տեղակալները, ստացել են մի տարում մեկ մարդու ամբողջ աշխատանքային կյանքում ստացած աշխատավարձի չափ պարգևավճար։
Թոշակառուներին ուղղակի ալեկոծել է Նիկոլի ելույթը, որ՝ եթե թոշակը բարձրացնենք 10 հազար դրամով, չեն իմանա ինչի վրա ծախսեն, անկապ բաներ կգնեն։ Թոշակառուն Նիկոլին հարցնում է՝ ինչի վրա եք ծախսել 51 մլն դրամ պարգևավճարը դուք։ Այսօր ասում է, որ իր ամսական աշխատավարձը ավելացել է 1,5 մլն դրամով։ 1,5 մլն ստանում էր, կրկնապատկվել է ամեն ամիս։ Թոշակառուն հարցնում է՝ իմ թոշակը ասում եք 10 հազար դրամով ավելացնեմ, չես իմանա ինչ անես, 1,5 մլնով ավելացրել ես, 150 հատ 10 հազարով ավելացրել ես քո աշխատավարձը, ինչի՞ վրա ես ծախսում։ Ի տարբերություն թոշակառուի, Նիկոլի բոլոր ծախսերն էլ պետության վրա են, ոչ կոմունալի փող է տալիս, ոչ բժշկի ու այլ բաների։ Ի՞նչ է անում էդ գումարը։ Հարվածային գործիքներ է առել, որ ցըմփ անի թոշակառուի պատվի՞ն։
Ի դեպ, պետական հիմնարկներում մեծ իրարանցում է, բունտ է հասունանում․ որովհետև ճոխ պարգևատրվել են միայն ղեկավար ՔՊ-ականները, աշխատողները՝ ոչ կամ չնչին։ Վերևները ստացել են բոլորի փոխարեն։ էն որ ասում են՝ վարչական ռեսուրս, որը վաղը պետք է քշվի ընտրատեղամաս՝ Նիկոլին ձայն տալու, այ նա չի ստացել։ Էդ մարդկանց քաշում տանում մե՛կ կեղծ պատարագի, մե՛կ Էջմիածին՝ Մեխակյանի հանրահավաքին, մեկ Գյումրի՝ Սարիկի հանրահավաքին, մեկ՝ Ավինյանի համար երթին, մե՛կ՝ Աննա-Նիկոլ զույգի կրթական շոուին և ընդհանրապես, այն բոլոր միջոցառումներին, որտեղ մասովկա է պետք, բայց պարգևավճար ստանում են բերման ենթարկողները, ոչ թե ենթարկվողները։ Գիտե՞ք քանի պետական աշխատող էր գրել, որ պարգևավճարների մասին մամուլից են իմացել ու զարմացել-զայրացել են։ Նիկոլն ասում էր՝ ուզում ենք պետհիմնարկներում աշխատողների աշխատավարձը բարձրացնել, բայց վախենում ենք ժողովուրդը ինչ ասես՝ հայհոյի։ Բա որ 51 մլն դրամ պարգևատրվում էիք, հայհոյվելու մասին չէի՞ք մտածում․ որ քոնը ամեն ամիս 1,5 մլն դրամով ավելացրել ես, հայհոյվելու մասին չե՞ս մտածել։ Նիկոլի նախարարն ասում է՝ 200 հազար դոլարանոց տունը ինչ է, որ չունենամ։ Բա որ ամիսը 20 հազար դոլար ստանաք պարգևավճար, 1 մլն դոլարանոց տուն էլ կունենաք, էդ՝ հաստատ։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մեր երկրում, բացի պետական պարտքից, նաև կրկնապատկվել է Նիկոլի աշխատավարձը։ 8 տարում այդ մարդը իր աշխատավարձը կրկնապատկել է, բայց 8 տարում ձեզ մո՞տ ինչ է փոխվել, ձեր կյանքը որքանո՞վ է բարելավվել։ Նիկոլի ապրելակերպը փոխվել է գլխիվայր, չուլանից հասել է պալատ, դո՞ւ ուր ես հասել, ժողովուրդ ջան։ Դո՛ւ ես նրան բերել ու բերել ես՝ քեզ համար, ի՞նչ է փոխվել քո կյանքում։ Խնդրում եմ հիշիր քեզ 2018 թվականին, քո նպատակները, քո սպասումները և այսօր ինչ վիճակում ես դու, գո՞հ ես քո ընտրությունից, գո՞հ ես քո վիճակից։ Վստահ եմ, որ՝ ոչ։
Բայց լավ նորությունն այն է, կարծում եմ, որ ընդամենը 5 ամիսց դու ունես քո որոշումը և քո վիճակը փոխելու հնարավորություն»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան