«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
58
Այսօր, 00:24
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «171 քաղաքացու՝ ինքնագլորներ վարելու հետևանքով վնասվածքներ ստացած,«Հերացի» թիվ 1 բուժհաստատության մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել միայն վերջին 3 տարիներին․Նշեմ, որ տուժածների 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Ինքնագլորները, որոնք այսօր հայտնի են՝ որպես էլեկտրական ինքնագլորներ, բավականին նոր տեխնոլոգիա են, սակայն դրանց նախատիպերը ի հայտ են եկել ավելի վաղ՝ 20-րդ դարի սկզբում: Դրանք ոչ էլեկտրական սարքեր էին, որոնք աշխատում էին մարդու ուժով: Այս սարքերը հիմնականում կիրառվում էին կարճ ճանապարհորդությունների համար և ավելի շատ զվարճանքի միջոց էին, քան տրանսպորտային: Էլեկտրական ինքնագլորներն սկսեցին լայն ճանաչում ձեռք բերել 2000-ական թվականների սկզբին: Սկզբում դրանք օգտագործվում էին՝ որպես նորարարական խաղալիք, բայց հետագայում հարմարավետության և արագության շնորհիվ վերածվեցին գործնական տրանսպորտային միջոցի: Այսօր ինքնագլորները լայնորեն կիրառվում են մեծ քաղաքներում՝ որպես արագ և հարմարավետ տրանսպորտային միջոց: Դրանք հատկապես պահանջված են երիտասարդների շրջանում, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են խուսափել քաղաքային մեծ խցանումներից: Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երևանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։ «Հերացի» վերլուծական կենտրոնը 2022-2025թթ.-ին կատարել է մշտադիտարկում՝ տեղեկատվություն հավաքագրելով այս ժամանակահատվածում համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության դիմած այն պացիենտների վերաբերյալ, ովքեր տուժել են ինքնագլոր վարելու պատճառով: Ըստ վիճակագրության՝ 2022-2025թթ.-ին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետևանքով վնասվածքներ ստացած 171 քաղաքացու: Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, Հայաստանում ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոց վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30 տարեկան, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ինքնագլորների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի առկայության: Նրանց գերակշիռ մասը եղել են արական սեռի ներկայացուցիչներ: Համեմատելով 2022-2025թթ.-ին ինքնագլորներից վնասվածք ստացած անձանց թիվը, որը եղել է համապատասխանաբար՝ 69, 45, 33, և 24՝ կարող ենք դեպքերի ակնհայտ նվազում արձանագրել, սակայն պետք է նշել, որ սա միայն մեկ հիվանդանոցի տվյալներ են, և չեն կարող դիտարկվել, որպես համընդհանուր միտում: Դեպքերի նվազման պատճառներից մեկը հավանաբար օրենսդրական կարգավորումներն են, ինչպես նաև քաղաքացիների կողմից տվյալ տրանսպորտային միջոցի վարման կանոնների փոքրիշատե պահպանումը: Նշենք, որ օրենսդական փոփոխությունները սահմանում են. «Ինքնագլոր կարող են վարել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցողները կամ 16 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք։ Այս փոխադրամիջոցը կարելի է վարել հեծանվային կամ հետիոտնային արահետներում, հեծանվորդների համար նախատեսված գոտիներում։ Դրանց բացակայության դեպքում երթևեկությունը կարող է թույլատրվել մայթով կամ կողնակով։ Իսկ եթե դրանք էլ չկան, երթևեկությունը կարող է թույլատրվել երթևեկելի գոտու աջ հատվածով: Հեծանվով, մոպեդով կամ ինքնագլորով երթևեկելիս պետք է սաղավարտ կրել։ Ինքնագլոր վարողը չպետք է գերազնագի 20 կմ/ժամ արագությունը, այլապես կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափեր»։ Շատ եվրոպական երկրներում արգելված է ինքնագլոր վարել հանրային որոշակի վայրերում, ինչպիսիք են՝ հանրային տրանսպորտի գոտիները, որոշ տուրիստական վայրեր և որոշակի ճանապարհներ։ Օգտագործողները պետք է հետևեն հատուկ կանոններին, ինչպես նաև՝ ունենալ վարորդական իրավունք, կրել սաղավարտ և ունենալ ապահովագրություն։ Օրինակ՝ Նյու Յորքում ինքնագլորների օգտագործումը արգելված է որոշակի տարածքներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Փարիզում 2024 թվականի սեպտեմբերից արգելվել է ինքնագլորների շահագործումը։ Այդ որոշումը կայացրել են փարիզեցիները հանրաքվեի անցկացման միջոցով։ Հարկ է նշել, որ բերված վիճակագրությունն ամենևին միտված չէ զգոնության նվազեցմաը, ընդհակառակը՝ այն նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնել անվտանգության անհրաժեշտությունը, տարիքային սահմանափակումները և պաշտպանիչ միջոցների կիրառման նպատակահարմարությունը, ինչն էլ ավելի է կարևորվում ձյան և մերկասառույցի պայմաններում»: