«Ամեն գնով վաբանկ` հավիտյան ու անխախտ խաղաղության հույսով». Գոռ Մադոյան
79
Այսօր, 00:54
Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունը հռչակել է ամեն գնով խաղաղություն օրակարգ: Դա նշանակում Հայաստանը Ադրբեջանից պահանջ չունի, նրանց արած էթնիկ զտումը մենք սրբագրում ենք, պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա՝ մենք ենք մեղավոր եղել, սադրել կամ գրպաններս ԿԳՆ-ն ա գցել: Ապա, կատարում ենք ձեր պահանջները, իսկ դուք՝ դրա դիմաց՝ բարի կամք եք դրսեւորում: Բարի կամքը մեզ վրա չհարձակվելն ա, նոր տարածքներ չօկուպացնելն ու նոր գերիներ չվերցնելն ա: Եթե այդ բարի կամքի շրջանակներում ցորեն ու բենզին էլ ուղարկենք գոհ ու շնորհակալ ենք: Սա ամեն գնով վաբանկ է՝ հավիտյան ու անխախտ խաղաղության հույսով: Հետո արդեն, թե լինի տարածք ազատել օքեյ, թե չէ կասենք քարտեզներով իրենցն էր, նույնը գերիները՝ թե հետ տա բարի, թե չէ կասենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այսպիսի քաղաքականությամբ երկրում, հացուկացի կարգախոսով ու պաշտամունքով առաջնորդվող մարդկանցից պահանջել էթիկական բարձր նշաձող՝ առեւտուր չանել սեփական հայրենակիցներիդ գերի տանող, պետությանդ սահմանները բլոկադայի մեջ պահող ու երկրիդ տարածքները օկուպացրած կողմի հետ, մեղմ ասած միամտություն ա ու անհույս պոպուլիզմ: Ինչու անհույս, որովհետեւ պոպուլիզմի իմաստն էն ա որ ճանաչես էլեկտորատիդ ու ասես այն ինչ ուզում են լսել, ոչ թե պահանջես իրենց շահերին հակառակ քայլեր, ինչ է թե դեռ հին նարրատիվներով ես առաջնորդվում: Միաժամանակ, հրաժարվել ինչ-որ բանից հանուն քաղաքական, բարոյական կամ էթիկական սկզբունքների, այլ ոչ թե տնտեսական նկատառումներից ելնելով, ենթադրում է որ հրաժարվողը ունի այլընտրանք, պլան Բ, ասել էր թե բավարար ունեւոր է հրաժարվել ասենք էժանից ավելի թանկն ընտրելով ու սկզբունքը պահելով: Մեր աղքատության մակարդակով, երբ մարդիկ բենզինից են հրաժարվել ի օգուտ գազի, ուր մնաց պահանջես թե բենզինից հրաժարվեն ի օգուտ ազգային պատվի, ծիծաղելի է: Հրաժարումն այդ միջին ու բարձր խավին հասանելի խաղալիք է, սեփական սկզբունքայնության ցուցադրություն՝ հասանելի ֆինանսական ճոխությամբ: Պատերազմից ի վեր, 5 տարի է ինչ ՀՀ քաղաքացին առաջնորդվում է աղետը մոռանալու, նաղդով ապրելու ու քարից ալաֆ քամելու սրբազան ու անխախտ ստրատեգիայով: Օջախի պաշտամունքի պանթեոնի գլխավոր աստվածներ են Հացն ու Կացը, որոնց մասին յուր զավակներին ամեն օր հիշեցնում էր օջախահայր Փաշինյանը: Օջախում դու ու միայն դու ես քո գլխի ճարն ու տերը, այլոց հետ կապ չունես, դուք չեք կիսում նույն արժեքներ, նույն պետությունն ու աշխարհայացքը: Եթե հարազատ եղբորդ գերի տանեին, այո չարժեր թշնամու բենզին առնել բայց եթե եղբայրդ չի, օջախիցդ չի, ոչինչ կարելի է, թեկուզ սիմվոլիկ դիմադրություն ու զիջում էլ պետք չի անել: Կոչերը թե չգնենք ադրբեջանական բենզին, կամ թուրքական տռուսիկ, կամ ռուսական գազ դրանք տարօրինակ կոչեր են: Եթե մարդկանց ձեռնտու լինի, նրանք ադրբեջանական բենզին կգնեն Ջերմուկի օկուպացված տարածքներից էլ, Վարդենիսի սարերից էլ: Կգնեն ու, միաժամանակ, կոչ կանեն ոչ մի թիզ չզիջել կամ պայքարել մինչեւ վերջ: Երբ դու, որպես պետություն, ասում ես օջախ, ոչ թե քաղաքացիներ ու հասարակություն, դու ստեղծում ես ատոմիզացված բնակչություն՝ սեփական, նաղդ օջախի օրակարգով: Հեգնանք այն է, որ բենզին չներկրելն կամ չվաճառելը ռեալ ազդեցություն չունեն, դրանք ավելի շատ սիմվոլիկ քայլեր են, հիշեցնելու որ դեռեւս ունենք սկզբունքներ, որոնք դուրս են հացուկացի պաշտամունքից։ Օրինակ, բենզին չներկրելն ու չգնելը, նենց հարցեր են, որ չես կարա ասես թե ադրբեջանցիների բենզինը չառնենք, ապա կարձակվեն մեզ վրա: Չէ սրանք ընդհանուր համակեցության սկզբունքներ են, եթե հորդ, եղբորդ կամ որդուդ գերի տանեն, դու գերի տանողից բան չես առնի, գոնե այն պատճառով որ ցույց տաս սկզբունքային անհամաձայնությունդ, թեկուզ սիմվոլիկ, թեկուզ աննշան, բայց կարեւոր: Բայց քանի որ մեզ մոտ քաղաքացի, հասարակությունն ու պետությունը սահմանափակվում է սեփական հետույքով, օջախով ու հարակից թայֆայաբազությամբ, դա խնդիր չի առաջացնում թե թույլ տվողների, թե ներկրողների, թե վաճառողների ու գնողների համար: Հեգնական կլինի, որ հայտարարեն թե բենզինի խմբաքանակի վաճառքից ամբողջ օգուտը կփոխանցվի գերիների ընտանիքներին: Դա կամբողջացնի հացուկացաստանի ողջ փաթեթը: