«Պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել»․ Թաթուլ Հակոբյան
181
Շաբաթ, 22 նոյեմբերի, 2025 թ., 16:36
Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Ուկրաինայի պարտությունը փաստաթղթավորվում է, այն է՝ կապիտուլյացիա, եթե կուզեք՝ ռուս-ամերկյան, Պուտին-Թրամփ պայմանավորվածություն: Երբ անդադար գրում եմ, որ Ռուսաստանին չի կարելի անտեսել, սա նկատի ունեմ նաև: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո Հայաստանում շատ էր գրվում Մոսկվայի անխուսափելի պարտության մասին: Մեր արևմտամետները Արևմուտքից ավելի արևմտամետ դուրս եկան, ինչպես մեր ռուսամետներն են Ռուսաստանից ավելի ռուսամետ: Բայց պետք չէ ողբալ Ուկրաինայի մասնատումը, պետք է դրանից դասեր քաղել, մանավանդ, որ վերջին հարյուր տարում Հայաստանը ևս զոհ է գնացել գերտերությունների պայմանավորվածություններին՝ հույս դնելով, որ մեծ քեռիները կգան ու կփրկեն: Այսպես, 1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 22-ին, երբ ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների հարվածների տակ Հայաստանը արյունաքամ էր լինում, ԱՄՆ նախագահ Վիլսոնը հրապարակեց իր հայտնի Իրավարար վճիռը՝ 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով միացյալ Հայաստան: Այդ օրերին, նախքան Ալեքսանդրապոլ մեկնելը՝ Կարաբեքիրի հետ ստորագրելու Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ու ռազմատուգանք վճարելը, Ալեքսանդր Խատիսյանը մեկ օրով շտապ մեկնում է Թիֆլիս, որպեսզի դաշնակիցների դեսպանատներում քննարկի Հայաստանին հնարավոր օգնությունը: Բրիտանացիները պատասխանում են, որ ոչինչ անել չեն կարող և խորհուրդ են տալիս ընդունել թուրքերի վերջնագիրը: Երբ Հովհաննես Քաջազնունին նեղսրտած բրիտանացիներին ասում է՝ չէ՞ որ Հայաստանը Անգլիայի դաշնակիցն է, բրիտանացին պատասխանում է՝ ո՞վ ասել, որ դուք մեր դաշնակիցն եք: Նույնն է ռուսների և Ռուսաստանի դեպքում: Ի՞նչու ենք համոզված եղել, որ Ռուսաստանը մեզ փրկելու է: Մեր ընդդիմության քիմքին չի գալու, երբ գրեմ, որ 2020 թվականին եղել է Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն: Չեմ ասում, որ մեր պարտության մեղավորը ռուսներն ու թուրքերն են: Դա չեմ ասում: Մեր պարտության մեղավորը մենք և գործող իշխանությունը առաջին հերթին: Այսօր էլ պետք չի մտածել, որ իբր արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին նրանց ծաղրական անվանում էր եվրայոնջա, Հայաստանը փրկում է Ռուսաստանից: Պետք է անդադար կրկնեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել.... Հատկապես այսօր, երբ Ռուսաստանը լուծում է Ուկրաինայի խնդիրը և ավելի շատ ժամանակ ունի այլ տեղերում զբաղվելու և բզբզալու: Գազը փակելը կամ Լարսը փակելը համերք չարյաց փոքրագույնը: Եվ ընդհանրապես, ճանաչեք չափներդ, այսինքն՝ ճանաչենք մեր չափը և այս երկիրը չտանենք նոր արկածախնդրությունների»։