«Նիկոլիստնե՛ր, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք»․ Էդուարդ Շարմազանով
319
Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ., 10:54
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք։ Նիկոլոստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նախ, և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան, և 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, և 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի, Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները/ Օբամա, Սարկոզի, Մեդվեդև, Օլանդ, Պուտին/ 5 հայտարարություն են ընդունել, որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Նոյեմբերի 9-ի մասով կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը/երևի բունկերից/: Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։ Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։ Արցախի մի մասը հայկական էր և այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։ Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։ Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիևը խախտեցին, այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։ Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։ Վկան 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։ Բավ է խաղաղություն բառը չարաշահել։ Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլևս հայ չկա»։