Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինը տեղո՞ւմ է, թե՞ պարկ առ պարկ իրացվել է»․ Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Պողոսյանին

193
Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 15:54
«Իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինը տեղո՞ւմ է, թե՞ պարկ առ պարկ իրացվել է»․ Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Պողոսյանին

«Ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավել գումար հափշտակվեց»,- ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին դիմելով՝ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ դրա համար նա ոչ մի քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չտվեց։ Խամոյանը հայտնեց, որ ելնելով կատարվածից, նա դիմել է ՔԿ՝ մեկ այլ գործով իրեղեն ապացույց հանդիսացող 1 տոննա կոկաինի առկայությունը ստուգելու համար։ Խամոյանը ցանկություն է հայտնել համոզվելու՝ տեղո՞ւմ է իրեղեն ապացույցը, թե մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այն։ ՔԿ-ից մերժել են պատգամավորի դիմումը․ «Հետևաբար առաջարկեք այլընտրանքային որևէ մեխանիզմ՝ տեսնեկու արդյոք 270 մլն արժողությամբ բեռը տեղո՞ւմ է, թե՝ ոչ»։

Քննչական կոմիտեի նախագահը Ագնեսա Խամոյանի հարցերի մեջ սարկազմ տեսավ։ Նրա խոսքով իրեղեն ապացույցը տեսնելու համար ընթացակարգեր գոյություն ունեն և անհնար է դատավարության կողմ չհանդիսանալով տեսնել այն․ «Ձեր ցանկությունները, մեծ ցանկության դեպքում անգամ, չեմ կարող բավարարել»,- ասաց Պողոսյանը։

ՔԿ-ի նախագահի խոսքով՝ չի կարծում, որ «իր քթի տակից» առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել․ «Չգիտեմ՝ «իմ քթի տակից» ասելով ինչ եք հասկանում, բայց ՔԿ համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում․․․Ես դափնիներ չեմ ուզում, հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել, հանցանք կատարած անձանցից մեկը անմիջապես ձերբակալվել է ու կծիկը բացահայտվել է»,- նշեց նա։

«Իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինը տեղո՞ւմ է, թե մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է»․ Ագնեսա Խամոյանը՝ Արթուր Պողոսյանին