Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

«Մոսկվա մեկնելը հակասում է քաղաքական ռացիոնալությանը և հարվածում ԵՄ ուղին բռնելու ընկալմանը»․ Արման Բաբաջանյան

190
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 23:18
«Մոսկվա մեկնելը հակասում է քաղաքական ռացիոնալությանը և հարվածում ԵՄ ուղին բռնելու ընկալմանը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին Հայաստանի վարչապետի մասնակցությունը, անկախ ամենամեղմ հիմնավորումներից, այս փուլում չի կարող դիտարկվել խորհրդանշական կամ պարզապես պատմական հիշողության հետ առնչվող քայլ։ Այսօրվա միջազգային պայմաններում այդպիսի մասնակցությունը օբյեկտիվորեն ընկալվելու է որպես ուղիղ քաղաքական ազդակ՝ այն էլ մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը նոր է ընդունել Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը հստակ ազդարարել է՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած որևէ պետության մասնակցությունը Մոսկվայի մայիսի 9-ի միջոցառումներին կդիտարկվի ոչ թե որպես պատմական ժառանգության հանդեպ հարգանքի դրսևորում, այլ որպես քաղաքական հայտարարություն՝ ի վնաս Եվրոպայի ռազմավարական ճարտարապետության և եվրոպական անվտանգության միասնականության։
Ուկրաինայի դեմ եղբայրասպան ու ցեղասպան պատերազմի երրորդ տարում Մոսկվայի մայիսի 9-ի շքերթը վերածվել է ոչ թե ֆաշիզմի դեմ հաղթանակի հիշատակման, այլ ներկա ռազմական ագրեսիայի և ռևանշիստական աշխարհաքաղաքականության հանդիսավոր վերաներկայացման։ Այդ շքերթին մասնակցությունը քաղաքականորեն նույնացվում է Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմին լռելյայն աջակցություն ցուցաբերելու կամ այդ ագրեսիայի հանդեպ հարմարվողականության։ Իսկ դա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած երկրի համար անթույլատրելի է և հակասում է իր կողմից հռչակված արժեքային և ռազմավարական կողմնորոշմանը։
Վարչապետի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մտադրությունը ոչ միայն հակասում է քաղաքական ռացիոնալությանը, այլև հարվածում է Հայաստանի նոր ընտրած ուղու՝ ԵՄ անդամակցության, իրավաքաղաքական և ինստիտուցիոնալ մերձեցման ընկալմանը։ Դա վտանգի տակ է դնում ոչ միայն քաղաքական վստահությունը, այլև Հայաստանի անվտանգային նոր ճարտարապետության շուրջ ընթացող համագործակցության հեռանկարները։
Այն պահին, երբ ԵՄ-ն քննարկում է Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու հարցը, և երբ ԵՄ անդամ մի երկիր՝ Հունգարիան, օգտագործում է իր վետոն՝ Հայաստանի աջակցությունը արգելափակելու համար, Հայաստանի ղեկավարի նման քայլը կընթերցվի որպես աջակցություն ԵՄ ներսում հայանպաստ կոնսենսուսի դեմ աշխատող ձայների, ուստի, նման մասնակցությունը կլինի քաղաքական կամազուրկ թուլության դրսևորում՝ հղի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներով։
Այսօր Ուկրաինայի կողքին կանգնելը նույնքան քաղաքակրթական նշանակություն ունի, որքան երկրորդ համաշխարհային պատերազմում հակաֆաշիստական հաղթանակը ուներ իր ժամանակին։
Հայաստանը չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ անդամակցության և իր երկրի բարձրագույն ղեկավարի միջոցով լեգիտիմություն հաղորդել մի վարչակարգի, որը պատերազմ է վարում այդ նույն ԵՄ երկրների նկատմամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական վարկանիշը ձևավորվում է ոչ թե միայն հայտարարություններով, այլ առավելապես՝ խորհրդանշական գործողություններով։ Այսօր այդ գործողությունները դիտարկվում են ոչ թե նրբերանգների, այլ հստակ կողմնորոշման մակարդակով։
Ուստի, պետք է գործել խոհեմ, պատասխանատու և սկզբունքային։ Մոսկվայի շքերթին չմասնակցելը կամ գոնե քաղաքական հակակշիռ ապահովելը Կիևում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությամբ՝ նվազագույնն է, որ Հայաստանը պետք է անի՝ մնալու համար ԵՄ-ի քաղաքական և արժեքային համակարգում՝ որպես արժանապատիվ, հստակ դիրքորոշում ունեցող, ինստիտուցիոնալ գործընկեր»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան