Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ.

Նպատակ են դրել տրանսպորտից անվճար օգտվողներին 15000 դրամով տուգանել․ «Ժողովուրդ»

127
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 09:06
Նպատակ են դրել տրանսպորտից անվճար օգտվողներին 15000 դրամով տուգանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը:
Նշենք, որ դեռևս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը և մինչև ուղեւորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը տեղական վճարի վճարման նկատմամբ, հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում, պարտավոր են տրամադրել՝ ստուգելու նպատակով, և եթե ուղևորները չներկայացնեն այն, ապա բացասական հետևանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն. նրանք կտուգանվեն 15,000 դրամի չափով:

Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման edraft.am-ում, և 92%-ը դեմ է քվեարկել դրան: Չնայած ցուցանիշին՝ իշխանությունները նպատակ են դրել այն ուղարկել ԱԺ ու ընդունել, քանի որ չեն կարողանում հավաքագրել տրանսպորտի գումարը»։

Մանրամասները՝ թերթի համարում: