Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Փաշինյանն ասել էր՝ մինչև 2025-ը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»․ վթարային շենքի բնակիչ

153
Երեկ, 11:30
«Փաշինյանն ասել էր՝ մինչև 2025-ը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»․ վթարային շենքի բնակիչ

«Հինգ տարի առաջ Փաշինյանն ասեց, որ մինչև 2025 թվականն այլևս հանրակացարաններ պետք է չլինեն։ Իրենք նստում են իրենց տաք աթոռներին ու չեն մտածում ժողովրդի մասին»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի վթարային 68ա շենքի բնակչուհին։
Նշենք, որ Վարդաշենի 68 ա շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները պահանջում են լուծել իրենց խնդիրը, ապահովել բնակարաններով, այլապես շարունակաբար ակցիաներ են իրականացնելու, վրաններ են տեղադրելու քաղաքապետարանի դիմաց, մնան այնտեղ այնքան, մինչև իշխանություններն իրենց խոստումները կատարեն։
«Մենք ի վիճակի չենք այնտեղ ապրել, մարդկանց առողջականը խոնավությունից փչացելա։ Զուգարանում սև սունկ է աճում։ 5 տարի առաջ պետք է տարհանեին մեզ, ամեն տեղ դիմելու ենք»,- ասում է մեկ այլ բնակիչ։
«Հնարավոր չէ ապրել․ գյուրզա ենք սատկացրել բակում։ Փաշինյանն էլ էր ասել, որ մինչև 2025 թվականը ոչ մի հանրակացարան չի լինելու, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում»,- ասում է շենքի տարեց բնակչուհին։
Նշենք, որ բնակիչներն անձրևի տակ կանգնած պահանջում են, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա կամ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ իրենց ընդունի: Նրանց պահանջին դեռ չեն արձագանքել։

Վարդաշենցիների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ