Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 15 մարտի, 2025 թ.

«Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում է Զելենսկին»․ Հակոբ Բադալյան

74
Երեկ, 23:24
«Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում է Զելենսկին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պատկերացնելի՞ է, թե ինչ է նշանակում, երբ Թրամփը հրապարակավ հայտարարում է, որ Պուտինին խնդրել է չոչնչացնել շրջափակման մեջ հայտնված ուկրաինական զորախումբը:

Ըստ իս, դա նշանակում է, որ Թրամփը պարտքի տակ է դնում ոչ թե Զելենսկուն, այլ ուկրաինական հանրությանը ընդհանրապես, քանի որ լուծում է հարցեր, որ այլևս ի վիճակի չէ լուծել այն մարդը, ում այդ հանրությունը համարում է նախագահ:

Եթե Թրամփն է Պուտինին խնդրում խնայել ուկրաինացիների կյանքը մի օպերացիայից հետո, որի իրականացման քաղաքական որոշումը կայացրել է Զելենսկին, ապա դա ըստ էության նշանակում է, որ Զելենսկի չկա:

Սա ըստ էության նրա հերթական, և թերևս շատ ավելի կոշտ ու դաժան նվաստացումն է, որ թույլ է տալիս Թրամփը: Այս իրավիճակի համեմատ, Սպիտակ տան իրադրությունը պարզապես մանկական խաղ է: Եվ բացատրեմ, թե ինչու:

Պուտինն արդեն արձագանքել է Թրամփին և հայտարարել, որ իրենք Կուրս մտած ուկրաինական ստորաբաժանումների գործողությունները գնահատել են որպես տեռորիզմ, բայց պատրաստ են ականջալուր լինել Թրամփի կոչին և առաջնորդվել նրանց հանդեպ մարդասիրական մղումներով, եթե վերջիններս ցած դնեն զենքն ու հանձնվեն: Միաժամանակ, Պուտինը հայտարարում է, որ դրա համար պետք է, որպեսզի Ուկրաինայի քաղաքական իշխանությունը կոչ անի Կուրսկում շրջափակման մեջ հայտնված մի քանի հազար զինվորականներին ցած դնել զենքն ու հանձնվել գերի:

Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում է Զելենսկին: Նա, որի քաղաքական որոշմամբ տեղի է ունեցել Կուրսկի ըստ էության որևէ հարց չլուծած օպերացիան, այժմ պետք է այդ օպերացիայից մի քանի ամիս անց շրջափակման մեջ հայտնված զինվորներին կամ կոչ անի հանձնվել գերի, կամ պետք է չանի այդ կոչը, ինչը նշանակում է, որ այդ զորամիավորումները կենթարկվեն ջախջախման:

Պատկերացնո՞ւմ եք իրավիճակի դաժանությունը Զելենսկու համար, և իհարկե իրավիճակի ողբերգականությունը այն զինվորների ու նրանց հրամանատարների համար, որոնք քաջաբար կատարել են գերագույն գլխավորի ռազմական հրամանը՝ Կուրսկի մարզ ներխուժելու առումով, բայց հիմա փաստորեն հայտնվել են կամ զոհվելու կամ գերի ընկնելու այս վիճակում: Իսկ խոսքը, ինչպես նշեցի, ուկրաինական զինուժի լավագոույն ստորաբաժանումների մասին է, քանի որ լավագույններն էին հատկացվել Կուրսկի օպերացիայի համար»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան