«Որոշել են գնալ ամենից կարճ և սխալ ճանապարհով». Հրայր Կամենդատյան
131
Այսօր, 03:12
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղբահավաք ապիկարություն։ 2025 թվականի սկզբից Երևան քաղաքում աղբահանության գումարների հաշվարկը կատարվում է բնակության տարածքի մակերեսով, այլ ոչ թէ բնակիչների թվաքանակով։ Հարցը խորությամբ քննելու նպատակով դիտարկենք միջազգային փորձը, մասնավորապես գերմանականը։ Գերմանացիները վստահ են, որ թափոնների հեռացման համակարգն արդյունավետ է աշխատում, երբ ենթակառուցվածքները արդիականացվում են, նոր սարքավորումներ են նախագծվում, և քաղաքացիների բնապահպանական իրազեկությունը զարգանում է։ Ի վերջո, թափոնների վերամշակումը ոչ միայն մաքուր քաղաք է, այլ նաև տնտեսության առանձին, շատ կարևոր ոլորտ: Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) տվյալներով՝ Գերմանիան ԵՄ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թափոնների վերամշակմամբ։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղբահավաք արդյունաբերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 70 միլիարդ եվրո, այնտեղ աշխատում է ավելի քան 250 հազար մարդ, և աղբի հավաքման, տեսակավորման և հեռացման կազմակերպման մեջ ներգրավված են ինչպես քաղաքային, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները։ Ամբողջ թափոնների գրեթե 66 տոկոսը վերամշակվում է Գերմանիայում։ Թափոնների վերամշակման տարբեր ընկերություններ միմյանց միջև բաժանում են «պատասխանատվության ոլորտները»: Օրինակ, Բեռլինում փողոցների մաքրումը և կենցաղային աղբի հավաքումն ու հեռացումը Berliner Stadtreinigung-ի (BSR) պարտականությունն է: Այն պատկանում է քաղաքին, պատասխանատու է չտեսակավորված և օրգանական թափոնների համար, այսինքն՝ աշխատում է միայն սև և շագանակագույն տարաներով, և գումար է ստանում ոչ միայն թափոնների վերամշակումից, այլ բնակիչներից։ Թափոնների հեռացման վճարի չափը կախված է բնակության վայրից, տան հարևանների թվից, բնակելի տարածքի չափից և բնակարանում ապրող մարդկանց թվից: Գումարը սահմանվում է քաղաքապետարանների կողմից և հիմնված է նաև թափոնների տարաների քանակի, դրանց չափի, հավաքման հաճախականության և աղբի վերամշակման օբյեկտի հեռավորության վրա: Փաստացի Եվրոպական աղբահանության առաջնորդ երկրում աղբահանության գումարի մեծության հաշվարկի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ, որոնք տնտեսապես արդարացված են համապատասխան հաշվարկներով։ Ի՞նչ ունենք Երևան քաղաքում, որտեղ քաղաքային իշխանությունը ներկայացնում է «քպ» և «հանրապետություն» կուսակցությունների կոալիցիան։ Բազմաթիվ գործոնների ազդեցության հաշվարկի փոխարեն որոշել են գնալ ամենից կարճ և սխալ ճանապարհով։ Որոշել են պարզապես բնակֆոնդի քառակուսի մետրերը ընդունել հիմք և սահմանել աղբահանության նոր սակագներ, որոնք էլ նախկինում գործող սակագնից արժեքային հանրագումարով աճել են մոտ քսանհինգ տոկոսով ։ Որո՞նք են այս որոշման հիմնական պարադոքսները: 1. Չկա նոր ենթակառուցվածքների ներդնում, 2. Աղբի օրգանական ստեղծող մարդու քանակի փոխարեն հիմք է ընդունվել բնակֆոնդի մակերեսը, 3. Չկա աղբի գոյացման տարածքի և աղբավայրերի միջև հեռավորության ազդեցության հաշվարկը, 4. Չկա մասնավոր ընկերությունների ներգրավման հարցը ոլորտում, 5. Չկա աղբի վերամշակման գործընթացի կոնցեպտը, 6. Առկա լրջագույն սոցիալական խզում անհատական տներում բնակվող և փոքր բնակարաններում բնակվողների վճարվելիք վճարների մասով Ակնհայտ է, որ ոլորտը պահանջում է մասնագիտական հաշվարկ, որը կփոխարինի ներկա անիմաստ, ապիկար, ամեն ինչ թանկացնելու չարդարացված մոլուցքը։ Մեր փողը ձեր փողը չէ»: