Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը և տեղափոխումը Բաքու»․ Թաթուլ Հակոբյանի հոդվածը

162
Այսօր, 10:00
«Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը և տեղափոխումը Բաքու»․ Թաթուլ Հակոբյանի հոդվածը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել․ «Արցախի հայաթափման և վերջին օրերի պատմությունը ամբողջական հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել Եվլախում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպման մանրամասներին և դրան հաջորդած շփումներին:

Արցախյան կողմից Եվլախի հանդիպմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և պատգամավոր Դավիթ Մելքումյանը մինչև այսօր որևէ հարցազրույց կամ բացատրություն չեն տվել: Միայն նրանք և Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը կարող են ամբողջությամբ ներկայացնել իրականությունը, քանի որ նրանք են եղել վերջին բանակցողները:

Եվլախի հանդիպմանը հարցերի մի քանի շրջանակ է քննարկվել, որոնք պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբի՝

ա) ռազմական,

բ) տնտեսական,

գ) քաղաքական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարումը ժամանակի հարց էր միայն: Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո միայնակ մնացած և ինը ամիս անմարդկային շրջափակման ենթարկված Արցախը չէր կարող դիմադրել հակառակորդի տասնապատիկ ուժերին: Փաստացի, Հայաստանը, որ տասնամյակներ Արցախի անվտանգության երաշխավորն էր, և Ռուսաստանը, որպես խաղաղապահ ուժ, չկարողացան և չցանկացան Արցախը պահել հայկական:

Արցախի պաշտպանության բանակի լուծարման վերջնագիր-պահանջը Բաքուն դնում էր նաև նախկինում: Եվլախի հանդիպումից և դրան հաջորդած շփումներից հետո Բաքուն Արցախից հայերի անվտանգ հեռանալու համար պայման է դնում հինգ հայերի ձերբակալությունը, որին տրվում է դրական պատասխան: Այդ հինգ հայերն էին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ինչպես տեսնում ենք, ցուցակում չկա Արայիկ Հարությունյանի անունը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ջեյհուն Շիդլինսկին, որը տեղափոխվել և աշխատում էր Շուշիում, Հարությունյանին անձամբ ասել է, որ նա կարող է հեռանալ Հայաստան:

Հարությունյանը, որ ադրբեջանցիների հետ շփվում էր 2021 թվականի փետրվարից մինչև իր ձերբակալության պահը՝ 2023-ի հոկտեմբերի 3-ը, Արցախի ղեկավարությանը ասել է, որ ինքը չի կարող մենակ թողնել նախկին նախագահներին, և պետք է միասին դուրս գան Ստեփանակերտից:

Եվլախում քննարկված հարցերի երկրորդ շրջանակը վերաբերում էր տնտեսական խնդիրների: Արցախի հայաթափումն արդեն անխուսափելի էր, և որևէ մեկը չէր ուզում մնալ և ապրել Ադրբեջանի դրոշի տակ: Սակայն պարզվեց, որ Արցախում չկա բավարար չափով վառելիք, որպեսզի 120 հազար հայերը կարողանան դուրս գալ Ստեփանակերտից: Եվլախի հանդիպման ընթացքում Ադրբեջանը 120 տոննա բենզին է խոստանում, իսկ հետագայում նաև՝ երեք մեքենա առաջին անհրաժեշտության պարագաներ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին:

Հարցերի երրորդ շրջանակը վերաբերում է Արցախի վերաինտեգրմանը, որն անընդունելի էր արցախահայության համար:

Ինչպես նշել ենք այս շարքի մեր նախորդ հրապարակումներում, 2023 թվականի սեպտեմբերի 30-ից Արցախի ղեկավարությունը տեղափոխվել էր Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ առաքելության հոսպիտալ:

Հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից հետո ռուս խաղաղապահները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին օդանավակայանից հասցնում են Կարեն Սարգսյանի առանձնատուն և, այսպիսով, նրանց փոխանցում Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որոնք շրջափակման տակ էին պահում տարածքը:

Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի անվտանգության երկու աշխատակցի հետ մեկնում է իրեն պատկանող, Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան և զանգահարում Ջեյհուն Շիդլինսկուն: Հարությունյանը հայտնում է, որ ցանկանում է ցույց տալ գործարանը: Շուշիից Շիդլինսկին պատասխանում է, որ շուտով կլինեն գործարանում: Կարճ ժամանակ անց գործարանի տարածք է հասնում Շիդլինսկու օգնականը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տեղում ձերբակալում Արայիկ Հարությունյանին: Նրան կոնյակի գործարանից ուղիղ տեղափոխում են Բաքու:

Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցում տեսակետները հակասական են: Հայաստանի իշխանությունները և նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն ու ինֆլուենսերները պնդում են, որ Հարությունյանը հրաժարական է տվել Արցախում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով:

Իրականում, Հարությունյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում մի քանի անգամ հայտնել է նախագահի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին: Առաջին անգամ այդ ցանկությունը նա հայտնել է Երևանում 2023 թվականի մարտին՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո:

Դա եղել է երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը և անցել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքների և գոռգոռոցների պայմաններում: Այս ամենի մասին կգրենք այլ հարմար առիթով»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան