««Անորայի» ի՞նչն է այդքան հիացրել ամերիկյան կինոակադեմիային և Կաննի պեդանտներին». Մհեր Արշակյան
149
Այսօր, 01:36
Գրող Մհեր Արշակյանը գրել է. «ԱՆՈՐԱ. ՀԱՏԱԿԻ ԴՐԱՄԱՆ Շատերի համար է հարց՝ «Անորայի» ի՞նչն է այդքան հիացրել ամերիկյան կինոակադեմիային, իսկ ավելի վաղ՝ Կաննի պեդանտներին: «Անորան» Գարի Մարշալի «Pretty Woman» ֆիլմի պոստմոդեռնիստական պատումն է այն իմաստով, որ ոչ թե կազմաքանդում է հեքիաթը, այլ՝ փլուզում: Ի վերջո «Pretty Woman»-ից այն վերածվում է «Մոխրոտիկի», որի կառքը բախվում է ժամը 12-ին: Անորայից հանվել է «Красотка»-ի դանդաղ, մելոդրամատիկ փոխլրացումը: Ամերիկան խմբագրում է Ռիչարդ Գիրի հերոսին: «Վերջ ռոմանտիզմին»,- ասում է Շոն Բեյքերը (BBC-ին այն համարել է ռոմանտիկ կատակերգություն): «Անորան» ֆիլմ է, որի ամեն դրվագը կյանք է, ահա ինչու այն հենման կետ չունի, թեպետ ունի զարգացում: Կյանքը նույնպես հենման կետ չունի, միշտ սկսում ես զրոյից: Ինչո՞ւ է վերջում ողբում աղջիկը: Որովհետև չգիտի, թե ինչ անի կյանքի էն դասի հետ, որն ստացավ մեկ շաբաթում: Էդ դասն իրեն պետք չէր, էդ ստացած դասի վրա հենվելու պետք չկա, ամեն ինչ շատ ավելի լավ էր, երբ մտածելու բան չկար: Կարծես թե գտել էր նրան, հանձին որի առավելևս մտածելու բան չուներ: Եկան հիմարները (հայ քավորը և Վաչեի հերոսը) և պարզ դարձավ, որ ահագին մտածելու բան կա: Հիշո՞ւմ եք՝ Էյդելշտեյնի հերոսը՝ Իվան Զախարովը, անկողնում աղջկա հետ քննարկում է, թե Ամերիկայում մնալու համար ո՞ւմ հետ ամուսնանա: Անորան թեկնածուներից միայն մեկն է: Այսինքն, սեր չի լինելու, տղերք: Այսինքն, չնայած տարբեր սոցիալական աշխարհների միաձուլմանը, հատման կետը չի գտնվում ու չէր էլ կարող գտնվել: Նույնիսկ ամուսնությունը էդ հատման կետը չէ, որովհետև Անորան չունի Ամերիկայում մնալու խնդիր, միլիոնատիրոջ կինը լինելն էլ հատման կետ չէ՝ Վանյային իր կողքը պահելու ոչ մի լծակ չունի Անորան, միայն իր մարմինն է, որից հեսա-հեսա Վանյան կձանձրանա: Ֆիլմի վերջում Բորիսովի ռոմանտիկ հերոսի «հաղթանակը» ռոմանտիզմի հաղթանակը չէ, այլ՝ պրոլետարի: Այսինքն, զնմանների: Իսկ ռոմանտիզմի հաղթանակը միշտ հակադասակարգային է՝ օլիգարխ-անառակ, թագավորի տղա-գյուղի աղջիկ: Այսինքն, Շոն Բեյքերը ամբողջ կինոլեզուն է հարմարեցրել այդ իրավիճակին, որ դասակարգային ճահճից դուրս գալու համար հերոսը պետք է ինքը տնօրինի իր փողը, իսկ հերոսուհին՝ իր մարմինը: Հերոսը, մինչդեռ, իր փողի հետ կապ չունի, հերոսուհին հենց իր մարմինն է, սակայն նա էլ այդ մարմնում զգացմունք չունի, չունի այն բանը, ինչը այդ մարմինը դարձնում է սեփական, մարդկային, նա սիրում է փողը, որի բացակայությունը զրոյացնում է նրան: Ամերիկյան պրոլետարն, ըստ Բեյքերի, հոգեկան հարցեր չունի, ինչպես ռուս օլիգարխի որդին, որը հակապրոլետար է: Մինչդեռ պրոլետար է նրա՝ Վանյայի, հայրը, որն ամեն ինչի վրա թքած ունի: Նրա բոլոր ճշմարտությունները կյանքի դաս ստացած эскортница-ն է ասում: Եվ՝ ո՞ւմ՝ իր կնոջը, որը նույնպես հոգեկան աշխարհ չունի: Սերեբրյակովի հերոսի ծիծաղը, որը կայծակի նման է պայթում ֆիլմում, ոչինչ փոխել չկարողացող իմաստության ծիծաղն է, որը միայն կարող է վայելել հատակի դրաման: Ֆիլմի միակ «հոգեկան» նախադասությունը հնչում է քավորությունից թռածի շուրթերից: Նա Անորային ասում է՝ ոչ դու ես Իվանին սիրում, ոչ էլ Իվանը՝ քեզ, էդ ֆանտազիա ա: Մայքի Մեդիսոնի հերոսուհին ժպտալ չգիտի, ֆիլմի ոչ մի դրվագում նա անկեղծ չի ժպտում, ոչ մի դրվագում նա չի թուլանում: Ո՞ւմ ժպտա, ո՞ւմ տրվի առանց փողի: Էդ մարդը չկա: Ու ահա այստեղ մենք գալիս ենք հայերի կերպարին: Առաջինը քավորն է՝ սա էլ է մարմնավաճառ: Նա էլ սեփական հարցերը չունի կյանքում, չունի սեփական հոգին: Նրան էլ է թելադրում փողը: Իսկ նրա подручник-ը՝ Վաչեի հերոսը, մարդ-մանրադրամ է, որն իր գինն ավելի է գցում: Շատերն են համոզված, որ այս կինոյի հաղթանակը կինոյի ընդհանուր ճգնաժամի արտահայտությունն է: Ասում են, որպեսզի չխոսեն այն մասին, որը ֆիլմը պատմում է մարդու ճգնաժամի մասին: Որպեսզի չասեն, որ Անորայից հետո արդեն միայն մեքենաները կարող են դառնալ ֆիլմերի հերոսներ: Անորան հումանիստական ֆիլմ է մարդու կատարյալ բացակայության պայմաններում: Անորան նոր կինոլեզու է, որտեղ ռեժիսորը մերկացնելով բոլոր հերոսների՝ իրենց «ոլորտում» անկումայնությունը, ոչինչ չի թաքցնում՝ ոչ լեզուն, ոչ մարմինները, ոչ քաղաքական ասելիքը: Նույնիսկ ֆիլմում հայերի դիրքավորումն է ճիշտ «բռնացրել» ռեժիսորը՝ հայերը ռուս օլիգարխի ձեռքի տակ»: