Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Այլ լուծումներ վստահաբար կան, դադարեցրե՛ք հացադուլը»․ Գայանե Աբրահամյանը՝ Մանե Թանդիլյանին

135
Այսօր, 15:42
«Այլ լուծումներ վստահաբար կան, դադարեցրե՛ք հացադուլը»․ Գայանե Աբրահամյանը՝ Մանե Թանդիլյանին

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Մանե Թանդիլյան ջան, լիովին հասկանում եմ հուսահատ, ծայրահեղ այս միջոցի դիմելու որոշումդ, բայց անկեղծորեն խիստ մտահոգված եմ առողջության անդառնալի վնասի հնարավորությամբ, մինչդեռ այս քայլի արդյունավետությունը չգիտեմ որքան է, թերևս՝ քիչ, չգիտեմ անգամ ինչ մեխանիզմով է հասնելու Ռուբեն Վարդանյանին բոլորիս խնդրանքն ու հորդորը, որ ինքն էլ դադարեցնի, ու դեռ շարունակի հավատալ, բոլորս հավատանք, որ համատեղ ջանքերով հնարավոր է ալիևյան հանցագործ ռեժիմի ճիրաններից փրկել մեր բոլոր գերիներին։
Բայց դու նաև պետք է լինես այդ ուժերը համախմբող, այլ լուծումներ վստահաբար կան ու դեռ բոլոր գործիքները չեն սպառված, ջանքեր պետք է դնել միջազգային, դերակատարների դռները թակելու, ներսից իրենց իսկ քաղաքացիների կողմից պարտադրելու՝ միջամտել և բանակցել Ալիևի հետ։
Գերիների վերադարձի համար երրորդ կողմի միջամտությունն է պետք, այլ մեխանիզմ չի գործում այլևս, իսկ այդ միջամտությունը հնարավոր է եթե հենց ներսից, տվյալ երկրների քաղաքացիներից, մեր սփյուռքի հայրենակիցներից խնդրանք ու պարտադրանք լինի։
Խնդրում եմ հացադուլի փոխարեն այս գործողությունների լծվել, որի արդյունավետությունը գուցե ավելին կլինի, քան քո առողջությունը մաշող, վտանգող քայլը։
Խնդրում եմ դադարեցրե՛ք հացադուլը»։