«Զելենսկին եթե համաձայնագիրը ստորագրելու մտադրություն չունենար, չէր գնա Վաշինգթոն». Հակոբ Բադալյան
129
Այսօր, 20:18
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Axios պարբերականը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը գրեթե մեկ ժամ սպասել է, որ Թրամփը ստորագրի հանածոների վերաբերյալ գործարքը, սակայն մեկ ժամ անց պետքարտուղար Ռուբիոն և անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը Զելենսկուն խորհուրդ են տվել հեռանալ Սպիտակ տանից: Իհարկե տեղեկությունը Սպիտակ տան աղբյուրին հղումով է, բայց համենայն դեպս պետք է տեսնել՝ կհերքի՞ Կիևը: Այս դրվագը ուշադրության արժանացրի նախօրեին հայաստանյան արձագանքների մի զգալի մասում գերակշռող այն մտայնություն-մեկնաբանություն համատեքստում, թե՝ Զելենսկուն Վաշինգտոնում փորձում էին պարտադրել համաձայնագիր, բայց նա դիմադրեց ու չստորագրեց: Ավելին, պետքարտուղար Ռուբիոն ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Կիևն է պնդել Զելենսկու այցի առումով: Վաշինգտոնը հորդորել է, որ այցը չկայանա, եթե Զելենսկին ժամանելու է և փորձի իրենց «դիվանագիտություն սովորեցնել», բայց Կիևը պնդել է, որ այցը լինի: Ավելին, նախօրեին ֆրանսիական մամուլում տեղեկություն եղավ, որ Զելենսկին նաև Մակրոնին է խնդրել միջնորդել, որ Թրամպը ընդունի, չչեղարկի հանդիպումը Սպիտակ տանը: Նաև հարկ է արձանագրել, որ, եթե Զելենսկին չունենար համաձայնագիրը ստորագրելու մտադրություն, նա պարզապես չէր գնա Վաշինգտոն: Այդօրինակ հարցերը պետությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվում են ոչ թե տեղում, այլ հանդիպումից առաջ: Եթե կա ստորագրելու որևէ հարց, ապա այն մինչև վերջին կետը համաձայնեցվում է մինչև հանդիպումը, և հանդիպումը տեղի է ունենում, եթե արդեն կա համաձայնեցումը: Իսկ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոն մեկնելուց մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատրաստ են ստորագրել հանածոների պայմանագիրը: Այլ կերպ ասած, Զելենսկու «հերոսական դիմադրության» վերաբերյալ մեկնաբանությունները, թերևս, ընդամենը ցանկալին իրականության տեղ մատուցելու, բայց ոչ իրական քաղաքական պատկերի մասին են: Ընդ որում, ինչո՞ւ եմ սա համարում ուշադրության արժանի: Երբ բռնկեց ուկրաինական պատերազմը, Զելենսկին գրեթե հավակնում էր ընդհուպ հայ ժողովրդի հերոս դառնալուն: Ավելին, բավականին տարածվում էր մի մտայնություն, թե ուկրաինացիները իրենց անկախության ու արժանապատվության համար կռվող են՝ Զելենսկու քաջարի առաջնորդությամբ, իսկ հայ ժողովուրդը կռվող չէ և հանդուրժում է Փաշինյանի պարտվողական իշխանությունը: Ընդ որում, առ այսօր կարելի է լսել այդպիսի մեկնաբանություններ, գնահատականներ, այն էլ ընդհուպ ակադեմիական կարգավիճակի հավակնություն ունեցողներից: Բազմիցս նշել եմ, որևէ մեկը թող չփորձի հայ ժողովրդին ստորադասել որևէ այլ ժողովրդի հանդեպ, առավել ևս ուկրաինացիների: Կեցցեն կյանքի ու մահվան կռիվ տվող խիզախ ուկրաինացիները, բայց դրա կողքին նաև, ըստ տարբեր հաշվարկների, գրեթե տասը միլիոն մարդ է լքել Ուկրաինան, իսկ այսօր նաև զորակոչից խուսափելու համար անգամ սպանում են զորակոչային կառույցի ներկայացուցիչների: Կրկնեմ, բացարձակ որևէ նպատակ չունեմ նսեմացնել ուկրաինացի ժողովրդին, պարզապես չափազանց անընդունելի է, երբ ուկրաինական ակնհայտորեն ուռճացված օրինակով որևէ մեկը փորձում է նսեմացնել հայ ժողովրդին, հայ հանրությանը: Դեռ մեծ հարց է՝ գրեթե 50 կամ 40 միլիոն բնակչությամբ Ուկրաինայի անձնազոհությունն է ավելի օրինակելի՞, թե՞ 3 միլիոն Հայաստանի ու Արցախի, եթե հաշվի առնենք, թե ինչ մասշտաբի ռազմական մեքենայի դեմ է եղել կռիվն ու ինչ չնչին կամ անգամ զրոյական է եղել արտաքին աջակցությունը»: