Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

«Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ազգային իշխանություն». Արմեն Այվազյան

107
Այսօր, 18:54
«Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ազգային իշխանություն». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի ընդհանուր նկատառում երեկ Վաշինգտոնում նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև տեղի ունեցած սկանդալային բախման վերաբերյալ։
• Կատարվածը հուզական հողի վրա պատահական բռնկում չէր, այլ, ամենայն հավանականությամբ, Թրամփի վարչակազմի նախապես մշակած ծուղակը՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու պատրվակ ստեղծելու նպատակով։
• Այժմ ընթանում է աշխարհաքաղաքական գոտիների վերահսկողության ցավոտ վերաբաշխում խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի միջև։ Այդ գործընթացը հատկապես ուժեղ ազդեցություն է թողել Հայաստանի, Սիրիայի և Ուկրաինայի ճակատագրերի վրա՝ մասնատելով ու անդամահատելով դրանք։
• Ուկրաինայի ճակատագիրը հիմնական գծերով որոշված է ՌԴ-ԱՄՆ (գուցե նաև Չինաստանի) գաղտնի բանակցություններում, որտեղ Եվրոպական Միությունը լիովին դուրս է թողնված։
• Ամերիկյան վերնախավերը բաժանվել են երկու մասի՝ մղելով քողարկված «քաղաքացիական պատերազմ», որն անդրադառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ միջազգային քաղաքականության վրա։
• ԵՄ-ն (բացառությամբ Հունգարիայի) հակաթրամփյան ամերիկյան ճամբարի՝ ԱՄՆ դեմոկրատների հավատարիմ դաշնակիցն է։
Համաշխարհային ու տարածաշրջանային համակարգերի ապագան խիստ անորոշ ու երերուն է։ Ըստ այդմ, Հայաստանի առաջնահերթ խնդիրներն են՝
ա) ռազմական, տնտեսական, բարոյական և գաղափարական ամրապնդումը, որը հնարավոր է միայն ազգ-բանակ մոդելով պետության կառուցման պարագայում,
բ) Իրանի և Հնդկաստանի հետ ռազմավարական ու ռազմական գործուն դաշինքների կնքումը,
գ) ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ առավել սերտ աշխատանքային հարաբերությունների պահպանումը,
դ) Ադրբեջանին և Թուրքիային որևէ լրացուցիչ զիջում չկատարելը։
Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն այս խնդիրները լուծելու ո՛չ ցանկությունը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ անգամ տարրական պատկերացումը։ Նրանք հետևողականորեն տանում են երկիրը դեպի վերջնական և անդառնալի կապիտուլյացիա, որը նշանակելու է Հայաստանի ոչնչացում ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում։
Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է նոր, խորապես ազգային իշխանություն»:

Աղբյուրը`   Արմեն Այվազյան