Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանը փորձում է նվաստացուցիչ զիջումներով խաղաղեցնել ագրեսորին». Լևոն Զուրաբյան

164
Երեկ, 10:30
«Փաշինյանը փորձում է նվաստացուցիչ զիջումներով խաղաղեցնել ագրեսորին». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձը» չէր պարունակում ո՛չ գաղափար, ո՛չ գաղափարախոսություն, և ո՛չ էլ ուղերձ: Դա ընդամենը իր 7 տարվա կառավարման ընթացքում հայտարարված տափակությունների և բովանդակազուրկ «աֆորիզմների» ամբողջական մի ժողովածու էր, որը կսազեր սովորական մի գրամոլի:
Այն կոչված էր «գաղափարախոսական» շղարշի տակ թաքցնել Սահմանադրության փոփոխության հետ կապված Ալիևի պահանջի կատարման պատրաստակամության մասին հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը գաղափարապես այնքան սնանկ է, որ չի կարողանում անգամ ասել, թե ի՛նչ է ցանկանում փոխել Սահմանադրության մեջ, որը ևս մեկ անգամ վկայում է, որ փոփոխության մասին հայտարարելու միակ դրդապատճառը Ալիևի վերջնագիրն է:
Փաշինյանը փորձում է նման նվաստացուցիչ զիջումներով խաղաղեցնել ագրեսորին, բայց միևնույն է՝ չի ստանալու Ալիևից իր փնտրած «կադաստրի թուղթը»՝ խաղաղության պայմանագիրը:
Իշխող թիմը նաև բացարձակ անհամարժեք է աշխարհաքաղաքան կտրուկ փոփոխություններին: Ամերիկյան քաղաքականության շրջադարձը Թրամփի կամ Իլոն Մասկի քմահաճույքը չէ, այլ ամերիկյան գերտերության գերբեռնվածության և գերտարածվածության հետևանք: Այդ շրջադարձի նպատակն է՝ կանխել ԱՄՆ-ի ընթացքը դեպի ֆինանսական ճգնաժամ, որում այն կհայտնվի, եթե արմատապես չկրճատի կառավարության ծախսերը:
Հայաստանի քաղաքականությունը վերջին տարիներին կառուցվել է պրոպագանդիստական մի կեղծ թեզի վրա, ըստ որի Ռուսաստանը անխուսափելիորեն պարտվելու է Արևմուտքին: «Վեկտորի փոփոխության» այս արկածախնդիր քաղաքականությունն այսօր հայտնվել է փակուղու մեջ:
Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորումը էապես կթուլացնի աշխարհաքաղաքական սպառնալիքները ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կա մեկ ուրիշ ահեղ սպառնալիք, որի հաղթահարման հեռանկարն անգամ դեռ չի երևում: Խոսքն այն վտանգի մասին է, որը կսպառնա մեր ազգային շահերին, եթե Իսրայելին կհաջողվի Միացյալ Նահագներին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան